News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել դաշնային սահմանադրական օրենքի նախագիծ, որը չեղարկում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տեղեկացնելու դրույթը ՌԴ-ում ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելու կամ հանելու մասին։ Փաստաթուղթը տեղադրվել է դումայի էլեկտրոնային բազայում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Փոփոխություններ են մտցվում «Ռազմական դրության մասին» եւ «Արտակարգ դրության մասին» օրենքներում։ Գործող նորմերը սահմանում են, որ ՌԴ-ում կամ առանձին տարածաշրջաններում ռազմական դրություն մտցնելու դեպքում նախագահը միջոցներ է ձեռնարկում Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) եւ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղարներին տեղեկացնելու վերաբերյալ։ Արտակարգ դրություն մտցնելու դեպքում  նման տեղեկացումը մտնում է ՌԴ ԱԳՆ պարտավորությունների մեջ։ ՄԱԿ-ը եւ Եվրոպայի խորհուրդը տեղեկացվում են նաեւ ռազմական կամ արտակարգ դրության դադարեցման դեպքում։

Նոր նորմերը  առաջարկում են օրենքներից հանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին տեղեկացնելու կետերը եւ օրենքներում պահել միայն ՄԱԿ գլխավոր քարտուղարին տեղեկացնելու մասին դրույթները։ Բացի այդ, «Արտակարգ դրության մասին» օրենքում առաջարկվում է նաեւ հանել նորմն այն մասին, որ ՌԴ ԱԳՆ-ի վրա դրված միջազգային պարտավորությունները բխում են մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայից։ Ինչպես նշված է բացատրագրում, կոնվենցիան եւ վավերացված արձանագրությունները դադարեցրել են իրենց գործողությունը ՌԴ-ի հանդեպ 2022թ. դեկտեմբերի 16-ից։

Օրենքը, որի համաձայն՝ ՌԴ-ի հանդեպ դադարում են գործել Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, ինչպես նաեւ այդ կազմակերպության 20 միջազգային պայմանագրերը, ստորագրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից փետրվարին։ Այսպիսով, Ռուսաստանը չեղարկել է 21 փաստաթուղթ, որոնց մեջ են եվրոպական կոնվենցիաները ահաբեկչության կասեցման, մարդու իրավունքների պաշտպանության մասին, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, Եվրոպական սոցիալական խարտիան եւ այլն։

Ռուսաստանը Եվրոպայի խորհուրդ է մտել 1996թ. եւ 2022թ. մարտի 15-ին հայտարարել է դրանից դուրս գալու մտադրության մասին այն բանից հետո, երբ կազմակերպության նախարարների կոմիտեի փետրվարի 25-ի որոշմամբ դադարեցվել է կազմակերպության կանոնադրական մարմիններում նրա ներկայացուցչության իրավունքը։ Ինչպես պարզաբանել են ՌԴ ԱԳՆ-ում, «ՆԱՏՕ եւ Եվրամիության պետությունները, չարաշահելով իրենց մեծամասնությունը Եվրոպայի խորհրդում, հետեւողականորեն այդ կազմակերպությունը վերածում են հակառուսական քաղաքականության գործիքի՝ հրաժարվելով իրավահավասար երկխոսությունից եւ բոլոր սկզբունքներից, որոնց հիման վրա ստեղծվել է այդ համաեվրոպական կառույցը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ