News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 28-30-ին, տեղի կունենա  «Զազա ժողովուրդը. պատմություն, լեզու, մշակույթ, ինքնություն» վերտառությամբ միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ծագումով հայ, գերմանացի ակնառու արեւելագետ,  ոլորտի առաջամարտիկ, ակադեմիկոս Կառլ Ֆրիդրիխ Անդրեասի (Բագրատունի) 155-ամյակին:

Գիտաժողովի կազմկոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այս գիտաժողովը Iran and the Caucasus  (BRILL, Leiden-Boston, պրոֆ. Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ) միջազգային գիտական պարբերականի 15-ամյակին նվիրված եւ դրա կողմից իրականացվող հերթական գիտական միջոցառումն է: Միջոցառման կազմակերպմանը օժանդակում են Modus Vivendi կենտրոնը (Երեւան), Իրանագիտության Կովկասյան կենտրոնը (Երեւան), Թուրքիայի, Իրանի եւ Կովկասի ուսումնասիրությունների միջազգային ասոցացիան եւ ԱՐՄԱԿԱԴ-ը (Ակադեմիական համագործակցության ու օժանդակության հայկական ասոցացիա): Միջոցառման հովանավորն է Հիքսոս հիմնադրամը:

Բոլորովին վերջերս՝ այս տարվա հուլիսին, «Իրան եւ Կովկասը» նախաձեռնեց արեւելագիտությանը նվիրված խոշոր միջազգային ֆորում, որին մասնակցեցին մոտ 80 գիտնականներ ավելի քան 20 երկրներից, իսկ զազաներին նվիրված գիտաժողովից հետո՝ նոյեմբեր ամսին, կկայանա թալիշագիտական միջազգային գիտաժողով: Այս բոլոր միջոցառումները, իրականում, կազմակերպվում եւ իրականացվում են հիմնականում Երեւանի Պետական Համալսարանի Իրանագիտության ամբիոնի աշխատակիցների ջանքերով: Հազիվ թե մեկ այլ գիտական դպրոց այսօր հայտնի է ակադեմիական նման խոշոր միջոցառումների իրականացմամբ: Հենց Իրանագիտության ամբիոնում է, որ գիտնականներին հաջողվում է կադրերի պատրաստումը համատեղել տարբեր ոլորտներում ակտիվ գիտական փնտրտուքներով, արշավախմբերով, հեղինակավոր միջազգային գիտական պարբերականների հրատարակմամբ եւ գիտաժողովների պարբերաբար կազմակերպմամբ, որոնց մասնակցում են մասնագետներ ամբողջ աշխարհից:

Այս միջոցառումը, անշուշտ, ունի իր առանձնահատկությունը: Զազաների ուսումնասիրությունը իրանագիտության հայկական դպրոցի եզակի բրենդերից է: Դեռեւս արեւելագիտության արշալույսին հայ մտավորականներն ու գիտնականները դարձան այս ոլորտի առաջամարտիկները եւ թողեցին զազաների լեզվի ու մշակույթի վերաբերյալ անգնահատելի նյութ, որն արդիական է մինչեւ օրս: Նրանցից մեկն էլ ակադեմիկոս Անդրեասն էր, ակնառու գիտնական, արտասովոր անձնավորություն, հանճար, որն իր ողջ կյանքի ընթացքում անընդհատ նորանոր գաղափարներ էր ծնում: Տարբեր ոլորտներում աշխատող նրա աշակերտների մի ամբողջ աստղաբույլ, իրականում, կազմեց 20-րդ դարի եվրոպական արեւելագիտության կորիզը: Այս իսկ պատճառով կազմկոմիտեն որոշեց գիտաժողովը նվիրել գիտնականի 155-ամյակին: Գիտաժողովին բացի հայ գիտնականներից կմասնակցեն նաեւ հայտնի դեմքեր Գերմանիայից, Իտալիայից, Ավստրիայից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Թուրքիայից եւ Իրանից:

Հետաքրքրական է, որ զազայագիտության զարգացման նոր փուլը, որը սկսվեց նախորդ դարի 70-80-ական թթ., կրկին մեծապես պայմանավորված էր հենց հայ արեւելագետների,  եւ առաջին հերթին, պրոֆ. Գ. Ասատրյանի գործունեությամբ:

Զազաները իրանական ժողովուրդ են, որոնք բնակվում են Կենտրոնական Անատոլիայում (պատմական Դերսիմի շրջանում, այժմ Թունջելի, Թուրքիա): Նրանք դեյլամցիների հետնորդներն են, որոնք այստեղ են տեղափոխվել Կասպից ծովի հարավային շրջաններից, մոտ 11-րդ դարում եւ գրեթե մեկ հազարամյակ խաղաղ բնակվել են հայերի կողքին: Հայկականության ազդեցությունը զազաների մշակույթի վրա զգալի է եւ՛ նրանց ժողովրդական հավատալիքներում, եւ՛ լեզվի մեջ, եւ՛ մշակությում եւ այլն: Զազաների հատուկ վերաբերմունքը հայերի հանդեպ հատկանշվում է այն փաստով, որ նրանք մինչեւ այժմ էլ երկրպագում ենԱրեւմտյան Հայաստանի հայկական սրբատեղիները, էլ չասենք այն մասին, որ հայերի ցեղասպանության ժամանակ նրանք մշտապես հանդես են եկել հայերի կողմից:

Զազաների մոտավոր թիվը 5-6 միլիոն է: Սկսած 1980-ական թթ. քաղաքական գաղթի արդյունքում Եվրոպայում ձեւավորվել է զազաների բավականին մեծաքանակ սփյուռք, ի հայտ են եկել քաղաքական կուսակցություններ, մշակութային կամակերպություններ, հրատարակվում է մամուլ զազաերենով:

Զազաների յուրօրինակ մշակույթի ուսումնասիրումը շարունակում է մնալ հայ իրանագետների ուշադրության կենտրոնում: Նրանք մեկ անգամ չէ, որ գիտարշավ են կազմակերպել այդ չափազանց հետաքրքիր տարածաշրջան, հավաքել արժեքավոր նյութեր նոր ուսումնասիրությունների համար:

Այսպիսով, զազայագիտական առաջին միջազգային գիտաժողովի անցկացումը հենց Երեւանում, պատահական չէ: Այն արտացոլում է եւ՛ մեր դպրոցի պոտենցիալը, եւ՛ նրա ձեռքբերումները, բայց եւ առաջին հերթին, մեր մեծ հետաքրքրությունը  եղբայրական ժողովրդի նկատմամբ, որի հետ մեզ կապում են մեկհազարամյա խաղաղ հարեւանությունն ու վստահելի հարաբերությունները:

Տպել
Ամենաշատ