News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել  Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հոլոքոստի և եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

ԱԳՆ-ից հայտնումեն, որ օրվա առթիվ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և բարձրաստիճան այլ դիվանագետներ հարգանքի տուրք են մատուցել  ցեղասպանությունների զոհերի հիշատակին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնությամբ։ Օրվա հիմնական նպատակը ցեղասպանության դեմ պայքարն է՝ հիշեցումը ցեղասպանությունների արդյունքում մարդկության կրած անդառնալի կորուստների մասին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգումը կարևոր քայլ է պատմական հիշողության պահպանման գործում, որը նաև ցեղասպանության կանխարգելումն ապահովելու միջոցներից է:

Դեկտեմբերի 9-ը ընտրվել է որպես հիշատակի օր ելնելով այն հանգամանքից, որ հենց այս օրն է ՄԱԿ-ի կողմից ընդունվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Այսօր նաև լրանում է Կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Կոնվենցիան, լինելով մարդու իրավունքների ոլորտում առաջին միջազգային պայմանագիրը, ոչ միայն տվեց ցեղասպանության սահմանումը, այլև բարձրացրեց զոհերի հանդեպ արդարության և անպատժելիության վերացման խնդիրները: Կոնվենցիան վավերացրել է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 153 պետություն։

Հայաստանը կշարունակի իր հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման գործում, այդ թվում ՄԱԿ-ի շրջանակում տարբեր նախաձեռնություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ