News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը


Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալու շուրջ քննարկումներին:

«Փորձ է արվում հարցը շեղել այն տրամաբանությամբ, թե սա Ադրբեջանի պահանջն է: Բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ: Սա Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է, սա Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի ժողովրդի մասին է: Այս քննարկումն ինքնին շատ արժեքավոր է: Ես կարծում եմ, որ մենք բոլորս էապես կշահենք, եթե կարողանանք այս քննարկման ընթացքում քարոզչական աղմուկը մի կողմ տանել և բովանդակային քննարկել, քանի որ սա մեր մասին է:

Ե՛վ Սահմանադրության, և՛ Անկախության հռչակագրի, և՛ Չորրորդ Հանրապետության վերաբերյալ քննարկումները մեր մասին են, մեր ինքնահայեցման մասին են, թե ինչպես ենք այսօրվա փլվող աշխարհակարգի պայմաններում մենք պատրաստվում պատասխանել այն մարտահրավերներին, որոնք մեր առջև կան»,-ասաց Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ այդ հարցի ելակետային հիմքը որևէ կապ չունի որևէ այլ պետության հետ, Հայաստանից դուրս գտնվող արտաքին ուժերի ճնշումների հետ: Միևնույն ժամանակ, նա հավելեց, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանում կրքեր բորբոքել, դրա համար միանում է այդ դիսկուրսին:

Պատգամավորը նկատեց, որ վերջին մի քանի տարիներին բազմաթիվ հարցերում Հայաստանի իշխանություններին մեղադրել են արտաքին ճնշումների ենթարկվելու մեջ։

«Սա Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ժողովրդի շահերից բխող քննարկում է: Եվ մենք դեռ պետք է քննարկում անենք, որ հասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում»,-նշեց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով հնարավոր կոնկրետ փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ Կոնջորյանն ասաց, որ որևէ բան փոխելու վերաբերյալ որոշում կայացնողը լինելու է ՀՀ ժողովուրդը, իշխանությունը չունի որևէ վերջնական եզրահանգում:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք   ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: Ավելի ուշ իր հարցազրույցում վարչապետը նշել էր, որ Անկախության հռչակագրի հետ հարաբերությունները պետք է կարգավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ