News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչները մտավախություն ունեն, որ մարզպետարանից որոշում կա՝ իրենց դպրոցը քանդելու մասին։ NEWS.am-ի խմբագրություն ահազանգած աշակերտներից մեկի ծնողը, որի խնդրանքով անուն ազգանունը չենք հրապարակում, հայտնեց, որ այժմ իրենք բողոքի ակցիա են անում՝ դեմ արտահայտվելով դպրոցը քանդելու որոշմանը։

«Մենք համաձայն չենք, որ մեր դպրոցը քանդվի, ու դրա փոխարեն էլ 2 կիլոմետրից ավելի կտրեն ու հասնեն հարակից՝ Արեւաբույրի դպրոց, որն էլ գերեզմանոցի մոտ է, ճահճոտ հատվածում։ Ես երկու երեխաների ծնող եմ, եւ կտրականապես դեմ եմ Կառավարության այդ որոշմանը»,- նշեց ծնողը։

Նա պատմեց, որ ր կառավարությունը համայնքների խոշորացումից հետո որոշում է ընդունել, ըստ որի, Ջրահովիտ եւ Արեւաբույր համայնքները մեկ դպրոց պետք է ունենան։ Դպրոցը պետք է կառուցվի այդ երկու գյուղերի կենտրոնական հատվածում։

«Մարդիկ լարված են, մենք ուզում ենք, որ մեր երեխաները բարեկարգ ու նորմալ պայմաններում սովորեն, ու մեր գյուղում դա լինի։ Ուղղակի Արեւաբույրը մարզպետարանում ունի լավ ծանոթներ, բարեկամներ, այդ պատճառով էլ հենց Արեւաբույրում էլ կառուցվելու է նոր դպրոցը»,- պատմեց ծնողը։

Նա նշեց, որ դպրոցում ավելի քան 160 աշակերտ է սովորում, Արեւաբույրից մինչեւ իրենց դպրոց 2 կիլոմետրի է հասնում հեռավորությունը։

NEWS.am-ին Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը պարզաբանեց, որ նշված դպրոցը քանդելու որոշում չկա․

«Որեւէ տեղ որեւէ դպրոց չի քանդվում, դպրոցի կառուցման հարցն էլ առայժմ քննարկման փուլում է։ Եթե որոշվի, որ դպրոցը կառուցվելու է Արեւաբույրում, ապա դա Ջրահովիտի դպրոցի հետ ընդհանրապես կապ չունի։ Դպրոցի աշխատանքը բնականոն հունով շարունակվելու է, երեխաները եւ՛ այսօր, եւ՛ վաղը, եւ՛ մյուս օրերին հաճախելու են դպրոց։ Մարզպետը նախորդ շաբաթ ընդունել է աշակերտների ծնողներին, պարզաբանում տրվել է այդ հարցի առնչությամբ։ Եթե որոշվի, որ օրինակ՝ Արեւաբույրում նոր դպրոց պետք է կառուցել, ապա ներկայիս դպրոցի շենքը չի քանդվելու մինչեւ այն պահը, մինչեւ նոր դպրոցը պատրաստ կլինի, այսինքն՝ որ երեխաները ստիպված չլինեն հարակից գյուղերի դպրոցներ հաճախել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ