News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Վերջին շրջանում խնդիրները համեմատաբար պակասել են, քանի որ փորձում ենք աշխատանքները միմյանց հետ համաձայնեցնել: Կան հատվածներ, որտեղ ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք նախատեսել, սակայն դեռևս չենք սկսել, որովհետև սպասում ենք, մինչ Գազպրոմը, Վեոլան, ՀԷՑ-ը կամ այլ գործընկերներ իրենց ենթակառուցվածքային աշխատանքներն ավարտեն:  Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, թե ե՞րբ է լուծվելու հոսանքալարերի, գազատարների և ջրագծերի տարման աշխատանքներից հետո ճանապարհները նախնական տեսքին բերելու խնդիրը:

Գնել Սանոսյանի խոսքով, լինում են նաև դեպքեր, երբ այդ ընկերությունները ճանապարհների կողքին չհամաձայնեցված աշխատանքներ են անում, հետո էլ ճանապարհները վերականգնվում են ոչ այնպես, ինչպես պետք է, ինչի արդյունքում հաճախ նախարարության և ընկերությունների միջև խնդիրներ են առաջանում:

«Ինչ վերաբերում է փոսալցման աշխատանքների որակին, երկու ծայրահեղություն ունենք՝ մի դեպքում ունենք շինարարական ընկերություններ, որոնք կարողանում են ամբողջովին նոր ճանապարհներ կառուցել՝ պայթեցնելով ժայռերը, լեռները և այլն: Մյուս կողմից Հայաստանում այդպես էլ չգտնվեց շինարարական ընկերություն, որը կարողանում է այնպես անել, որ երկու իրար հաջորդող ասֆալտների կարը չնկատվի: Այսինքն, լեռներում կարողանում ենք ճանապարհ կառուցել, բայց չենք կարողանում այնպես անել, որ ասֆալտի կարը տեսանելի չլինի վարորդների համար»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Արսեն Թորոսյանն իր արձագանքի մեջ նշեց, որ խնդիրը նախարարության և ընկերությունների միջև համաձայնությունը չէ, այլ այն, որ կազմակերպությունները որևէ պատասխանատվություն չեն զգում՝ վերանորոգելու և ճանապարհը բերելու այն տեսքին, ինչպիսին այն նախքան իրենց կատարած աշխատանքն  էր:

«Միգուցե՞ տուգանքներն է պետք ավելացնել, որպեսզի ճանապարհներն այդ տեսքին չթողնեն, և մեր տված հարկերը ստիպված չլինեք ծախսել նույն ճանապարհների վերանորոգման վրա»,-արձագանքեց Արսեն Թորոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ