News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Վենետիկի հանձնաժողովը երբեք պահանջներ չի ունեցել Անկախության հռչակագրի հանդեպ։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին եւ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

Նա նշել է, որ իշխանությունների փաստարկները, թե հռչակագրում ամրագրված են տարածքային պահանջներ, եւ միջազգային կազմակերպությունները դժգոհ են դրանից, կայացած չեն։ «Ես եղել եմ 2015թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով, եւ երբեք այնտեղից որեւէ պահանջ չի եղել։ Եղել են առաջարկներ, օրինակ՝ առաջարկել են թույլատրել գրանցել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնությունները, բայց հռչակագրի հանդեպ պահանջ երբեք չի եղել։ Թե ինչպես է հիմա իրավիճակը փոխվել՝ չեմ պատկերացնում»,- նշել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, կամ, հակառակը, հասկանալի, թե ինչպես են ձեւավորվում որոշ պատկերացումներ։ Օրինակ, խոսվում է այն մասին, որ (հռչակագիրը) Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ իրավունք է տալիս։ Նախկին նախարարը հարց է տալիս՝ իսկապե՞ս պաշտոնյաները չեն հասկանում, թե ինչ է լեգիտիմը, թե՞ պարզապես օգտագործում են գեղեցիկ տերմինը։ Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ անգամ տարածքային հավակնությունների առկայության դեպքում պատերազմը հանցագործություն է, միջազգային իրավունքը չի փոխվում։ «Խոսել «լեգիտիմ իրավունքի» մասին՝ նշանակում է անկախ հակառակորդի գործողությունների իրավաչափությունից՝ ճանաչել դրանք լեգիտիմ։ Այսինքն՝ մենք ոչ թե փակուղի ենք գնում, այլ ծուղակ։ Փակուղուց դեռ ելք կա»,- նշել է Գեւորգ Դանիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ