News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Գործը սարքած է, եթե նայում եք երկու վկաների ցուցմունքները՝ նույն բառերով գրված ցուցմունք է: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, ով մեղադրվում է բռնության կոչեր հնչեցնելու մեջ։

«Գործը կարել են վերևից, գտել են երկու ցուցմունք տվող, իրենք էլ ցուցմունք են տալիս։ Եթե  սա իրավական պետություն լինի, այս գործը մեղադրական ակտ ներկայացնողին պետք է դատեն»,-ասաց նա։

«Սա պարզապես վակխանալիա է, էս ուր է տարել այս պետությունը, ուր է հասցրել պետությունը Փաշինյանը: Առաջին ցուցմունք տվողը հրաժարվում է իր ցուցմունքներից, մեղադրող դատախազը փորձում էր փրկել իրավիճակը՝ անհեթեթ համեմատություններ անելով երեխաների պաշտպանության միտինգի հետ:

Եթե մեզ հետ են այսպես վարվում, ժողովրդին տանելու են՝ վարի տան: Համակարգի սարսափելի դեգրատացիա է, մի քննիչ գրում է, տալիս ձեռքները, ասում՝ դե, գնացեք էսպիսի ցուցմունք տվեք»,-ասաց նա և նշեց, որ պետք է լինի իշխանափոխություն։

«Կամ էլ այսօրվանից մտածեք, որովհետև սարսափելի օրը գալու է, հավաքեք ձեր իրերը, ձեր երեխաներին՝ գնացեք այս երկրից, կամ էլ պայքարեք ձեր երկրի համար։ Սարսափելի դատաստան է գալու մեր ազգին, ոչ թե Փաշինյանի իշխանության, այլ մեր վրա, ձեր վրա, որովհետև մենք չենք պայքարում, մենք թույլ ենք տալիս այսպիսի բաները, մենք մեզ փալասի տեղ չպետք է դնենք», - ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։ Գործը դատարանը ստացել է հոկտեմբերի 23-ին և մակագրել դատավոր Մանվել Շահվերդյանին։

Ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր։

Մասնավորապես, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

«Այդ գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել՝ շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված՝ Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել»,- նշվում է մեղադրանքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ