News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Գիտեք, ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիան կամ բազմավեկտոր քաղաքականությունը ճիշտ բան է. Հետևաբար, Հայաստանի նման երկրներին, որոնք շատ ավելի թույլ են, քան հյուսիսում, արևելքում, արևմուտքում կամ հարավում գտնվող հարևանները, օրինակ՝ Իրանը՝ որպես գլխավոր հարևան, պետք է իրավունք տրվի, լիակատար ազատություն և հնարավորություն տրվի՝ իրականացնելու բազմավեկտոր քաղաքականություն, կնքելու հրադադարի դաշինքներ, զարգացնելու կապերն իր բոլոր հարևանների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների և Էներգետիկ հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը:

«Սա ապագայում կապահովի Հայաստանի զարգացումը։ Ես չեմ ասում, որ դա տեղի է ունենում, բայց ես խոսում եմ այն վտանգների մասին, որոնք կարող են ի հայտ գալ աշխարհաքաղաքական այս համատեքստում․ եթե Հայաստանը քաղաքական խաղերում սուբյեկտից վերածվի օբյեկտի՝ չունենալով իր ռազմավարական զարգացման ուղին ընտրելու և բազմավեկտոր քաղաքականություն վարելու իրավունք, ապա դա կարող է վտանգավոր լինել ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասի այլ պետությունների համար։

Իմ մտավախությունն այն է, որ հակամարտությունների պատճառով, օրինակ՝ Ուկրաինան, միգուցե Արևմուտքի և Չինաստանի միջև հակամարտությունը Թայվանի շուրջ, և առհասարակ աշխարհում մեծ ճգնաժամի պատճառով Կովկասի նման տարածաշրջանները, Հայաստանի նման փոքր պետությունները կարող են ինչ-ինչ աշխարհաքաղաքական գաղափարների և նպատակների համար շահագործվել այլ երկրների, շատ ավելի ուժեղ դերակատարների կողմից։

Դա չպետք է տեղի ունենա, ոչ ոք չպետք է դեմ լինի արդյունավետ համագործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, և լավ է, որ ԵՄ-ն ու Հայաստանը մերձենում են։  Սակայն ԵՄ-ն, հուսով եմ, հասկանում է, թե որ երկրների հարևանությամբ է գտնվում Հայաստանը և ինչպիսի կոնֆլիկտներ կարող են ծագել, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը վատթարանա»,-ասաց նա:

Ռառը նկատեց, որ նաև շատ լարված իրավիճակ է Ռուսաստանի և Վրաստանի միջև։ «Վրաստանը նույնպես ցանկանում էր դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և այժմ շեղվում է այդ նպատակից, քանի որ գիտակցում է, որ չի կարող դա անել, առնվազն այս պահին։ Այնպես որ, բոլոր այս հարցերը պետք է մտնեն օրակարգ, դրանց մասին պետք է մտածեն բոլոր կողմերը, որոնք շահագրգռված են Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությամբ և ռազմավարական գործընկերությամբ։ Եվ հուսով եմ, որ դա կարվի»,-ընդգծեց քաղաքագետը:

Հարցին, թե որքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ կանգնել Հայաստանի կողքին, մինչև ո՞ր կետը, Ռարը պատասխանեց. «Կներեք անմիջականությանս համար, սակայն կարծում եմ ԵՄ-ն Հայաստանով հետաքրքրված է հիմնականում որպես պատվար Կովկասում ռուսական ազդեցության դեմ: Երկրորդ՝ նախկինում՝ տասը տարի առաջ, արդեն ունեցել ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման պատմություն։ Կհիշեք, որ Երևանի և Բրյուսելի միջև շատ արդյունավետ բանակցություններ էին ընթանում։ Այն ժամանակ ասվում էր, որ Հայաստանը կարող է մերձենալ ԵՄ-ի հետ, դառնալ լիիրավ ասոցացված անդամ, գուցե մի գեղեցիկ օր՝ նաև ԵՄ անդամ, սակայն միայն այն դեպքում, եթե լուծի Թուրքիայի հետ ունեցած խնդիրները։

Այն ժամանակ Թուրքիան նույնպես համարվում էր ԵՄ հնարավոր անդամ, իսկ այսօր դա այլևս այդպես չէ։ Այնպես որ, պետք չէ մոռանալ այս շատ կարևոր գործոնի մասին: Ըստ իս՝ Հայաստանը և Հայաստանի ղեկավարները պետք է սա հասկանան, և կարծում եմ՝ հասկանում են, որ երկիրը մեկուսացված է Կովկասում, և պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի հարաբերությունների հարցում այս կամ այն ուղղությամբ չափազանց հեռու չգնան, չօտարվեն իրենց գործընկերներից, ռազմավարական գործընկերներից։

Եվ խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլ շատ առումներով նաև Իրանի մասին է։ Սակայն Հայաստանի համար ամենամեծ խնդիրը կդառնա իրավիճակը, երբ երկիրը, շրջապատված այս բոլոր մեծ տերություններով, կորցնի իր զարգացման ուղին, ինչը շատ տխուր կլինի»,- ընդգծեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ