Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու վնասները, որոնք կարող են լինել որեւէ որոշման դեպքում. Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերը ԵԱՏՄ բյուջեին եւ այնտեղից ստանում մեր բաժինը, ընդ որում, շատ ավելի քիչ, քան վճարում ենք: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնց, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու միասնական համաձայնության չկա ՔՊ խմբակցությունում՝ հաշվի առնելով մտահոգությունները, որ Հայաստանի տնտեսությունը կապված է ՌԴ հետ ու կարող են խնդիրներ առաջանալ։
Նա նշեց, որ զուգահեռաբար նաև Եվրամիության և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ են աշխատում. «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա: Եթե լինի ռեալ խոսակցություն, կլինի համապատասխան հայտարարություն եւ կմունիկացիա»,- ասաց Թունյանը։
ՔՊ-ական պատգամավոր Մարինա Կարապետյանն էլ հավելեց, որ երկրները երբեք ինքնուրույն որևէ շուկայից չեն հրաժարվում, եթե կոնկրետ քաղաքական դրդապատճառ չկա. «Հետեւաբար, ինչու Հայաստանը պետք է ինքնուրույն գն սահմանափակման իր շուկաների: Խոսքն այլ բանի մասին է, որ Հայաստանը պետք է ընդլայնի, դիվերսիֆիկացնի իր շուկաները: Այդ ուղղությամբ ենք մեր շարժվում: Եթե այնպես կստացվի, որ մի շուկա ավել կբացվի, հրաշալի է, եթե մի շուկա ավելի սահմանափակ կդառնա, ապա ավելի ինտենսիվ պետք է այլընտրանքային շուկաներ փնտրենք: Սա է տնտեսության տրամաբանությունը»,-ասաց նա: