News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլից 12-ի նիստում հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների ծանուցումը կդառնա առցանց։

Կառավարությունը նախագիծն ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման՝ անհետաձգելի ռեժիմով։

«Ամեն ծանուցում պետական բյուջեի վրա բեռ է, դա ծախս է և հետևաբար, եթե 10 հոգի պետք է հրավիրենք վարժական հավաքի, ինչի՞ ենք 100 ծանուցագիր ուղարկում և, փաստորեն, 10 անգամ ավելի ծախս անում, քան կարող էինք անել։ Բախվում ենք այս իրականության հետ, երբ որ տեսնում ենք, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում, և հիմա էս նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների», - նիստի ընթացում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացու բոլոր հնարավոր միջոցներով ծանուցման պրոցեսը, այդ թվում՝ հրապարակային, ենթադրում է ընդամենը 30 օր, ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Գործող օրենքի համաձայն՝ սահմանված է քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերադառնալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը: Այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումների ներկայանալուց, իսկ դրա պատճառով հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը: Նույն խնդիրները վերաբերում են նաև վարժական հավաքների անցկացման նախապատրաստական փուլում զինկոմիսարիատի կողմից քաղաքացիներին զինկոմիսարիատ հրավիրելու գործընթացին, որի դեպքում ևս վարժական հավաք հայտարարված չլինելու պատճառաբանությամբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ զինկոմիսարիատ: Այդ նպատակով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել, ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացու հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ կամ էլեկտրոնային հավաստումը:

Անհատական ծանուցման դեպքում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը և վերջինը հրապարակային ծանուցման դեպքում օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված անցագրի քաղվածքի տեղադրում:

Սահմանվում է ծանուցումների տրման հետևյալ հերթականությունը. քաղաքացուն ծանուցումն առաջնային իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի, եթե ունի այդպիսի փոստ, հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, ընդ որում՝ եթե առկա է քաղաքացու համաձայնությունը իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային հասցեով ուղարկված ծանուցագրերի միջոցով: Ապա՝ եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալուն հաջորդող 5-րդ օրվանից: Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացուն ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով: Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով, իսկ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվելու է պատշաճ ծանուցված:

Սահմանվում է նաև, որ զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթաց հայտարարվող վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում ՀՀ-ում գտնվող քաղաքացին պարտավոր է զինվորական կոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին»,- ասաց պաշտպանության նախարարը:

Պապիկյանը նշեց, որ պրոցեսը ենթադրում է 30 օր: «Այսինքն՝ քաղաքացու ծանուցման բոլոր տեսակի հնարավոր միջոցներով ծանուցման պրոցեսը ապահովելու և վերջում արդեն հրապարակային ծանուցման միջոցով ծանուցումը ենթադրում է 30 օր»,- ասաց նա:

«Այս օրենսդրական նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի մի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների: Հարցը, իհարկե, բազում շերտեր, նրբություններ ունի, և պետք է ասել, որ շատ մանրամասն ենք քննարկում և կայացրել ենք այսպիսի որոշում, և մենք պետք է այս ուղղությամբ պրոցեսները շարունակենք»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը։ Իսկ փոփոխությամբ՝ եթե չհաջողվի ուղիղ փոխանցել մարդուն, նրա էլեկտրոնային հասցեով ծանուցումը կուղարկեն։ Եթե այս տարբերակով էլ չներկայանա զինկոմիսարիատ, «Ազդարար» տեղեկատվական կայքում պարզապես կհրապարակեն այդ մարդու անունը, և հինգ օր անց նա կհամարվի պաշտոնապես ծանուցված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ