News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց իր հրաժարականի մասին: Իր ելույթում նա նշեց.

«Դուք արդեն գիտեք, որ ես գլխավորելու եմ շտաբը, եւ արդեն հայտարարել եմ, որ վաղաժամ վայր եմ դնելու լիազորությունները: Լիովին գիտակցելով պատասխանատվությունը ժողովրդի, կուսակցության, նախագահի առջեւ, ներկայացնում եմ հրաժարականի իմ դիմումը:

Ընտրվելով ԱԺ նախագահ՝ հայտարարել եմ, որ խորհրդարանը պետք է թափանցիկ աշխատի: Թող անհամեստ չհնչի, բայց ինձ թվում է, որ հասել ենք դրան:

Սա ինձ համար լուրջ փուլ էր: Վստահ եմ, որ այսուհետ եւս ԱԺ-ն լինելու պետության եւ ժողովրդի շահերի պաշտպանը:

ԱԺ նախագահի պաշտոնում մշտապես առաջնորդվել եմ հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքով:

Լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր չեմ պատրաստվում խուսափել ընտրողներիս առջեւ ստանձնած պարտականություններից:

Մեր երկիրը մտնում է հերթական ընտրությունների փուլ, ընտրություններ, որոնց բարձր մակարդակով անցկացնելը բոլորիս եւ առաջին հերթին իշխանությունների պատվի գործն է:

Իշխանությունները բազմիցս են հայտարարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին: Կա դրա քաղաքական կամքը:

Շնորհակալություն ձեր խորհուրդների եւ քննադատությունների համար, սա վերաբերում էր պարոն Սաֆարյան Ստյոպային»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ խորհրդի նիստում, որին մասնակցել էր նախագահ Սերժ Սարգսյանը, որոշվել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է գլխավորի ՀՀԿ-ի նախընտրական շտաբը: Ըստ ՀՀԿ աղբյուրների, այդ առաջարկն ստանալով, Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր հրաժարական տալ զբաղվել միայն ընտրական գործընթացներով: Դրանից հետո, հրաժարականի դիմում էր ներկայացրել նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, ով հայտարարել է, որ գնում է օգնելու Հովիկ Աբրահամյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ