News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը հույս ունի, որ Եվրոպան ապագայում Հայաստանը կդիտարկի որպես եվրոպական մշակութային ընտանիքի և արևմտյան ժողովրդավարական քաղաքակրթության մի մասը։ Այս համատեքստում նա կարևորել է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը։

Շվեդ պատգամավորն այդ մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների խորացման, ինչպես նաև Հարավային Կովկասի անվտանգության և բարգավաճման գործում ԵՄ-ի ունեցած դերակատարության մասին։

Էրիկ Հելսբորնը, խոսելով Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հայտարարությունների, այդ երկրի կողմից Հայաստանի տարածքներ օկուպացնելու ու այդ գործողությունների հետևանքով Եվրոպական Միության կողմից Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին, ընդգծել է, որ Եվրոպական Միությունում կան գործիչներ, որոնք, տնտեսական պատճառներից ելնելով, չեն ցանկանում դիմակայության մեջ մտնել Ալիևի ռեժիմի հետ՝ շեշտելով, որ ինքը դրանց թվում չէ։

Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել է  Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի շարունակման պարագայում քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Շվեդիայի ԱԳ նախարարին ուղղված նամակում Էրիկ Հելսբորնը մասնավորապես նշել է․ 

«Փետրվարի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել Հայաստանի հետ սահմանին՝ սպանելով 4 հայ զինծառայողի (խմբ․ 2023 թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանը մի քանի ժամ կրակել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող էր զոհվել): Այն հույսերը, որ Ադրբեջանն ավելի զուսպ դիրքորոշում կորդեգրի անցած աշնանը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո, համարվում են ամոթալի: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա՝ որպես անկախ երկիր, և որ նրա տարածքն «Արևմտյան Ադրբեջան» է: Սահմանային ագրեսիան պետք է դիտարկել այս համատեքստում։ Չափազանց ցավալի կլիներ, եթե իրավիճակը վերաճեր ավելի մեծ բռնության կամ նույնիսկ նոր պատերազմի։ Դա կհանգեցնի հսկայական մարդկային տառապանքի, և դրանից պետք է խուսափել: Արտաքին աշխարհը՝ ներառյալ Շվեդիան, պետք է հանդես գա Ադրբեջանի իմպերիալիստական հռետորաբանության և ռազմական բռնության դեմ, օրինակ ՝ երկրի դեսպանին կանչելով բանակցությունների: Եթե բարելավումներ չլինեն, պետք է քննարկել երկրի դեմ պատժամիջոցները»։

Անդրադառնալով Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը՝ Հելսբորնը գոհունակություն է հայտնել ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի առնչությամբ և հավելել, որ առաքելությունը պետք է շարունակի իր լավ աշխատանքը։ Շվեդ պատգամավորը դրական է համարել դիտորդների թվաքանակն ավելացնելու որոշումը։

«Արևմտյան լրատվամիջոցները, իրավապաշտպան խմբերը և քաղաքական գործիչները, ինչպիսին ես եմ, պետք է շարունակեն ուշադրություն դարձնել ագրեսիայի ցանկացած դրսևորման և համոզվեն, որ աշխարհը տեղյակ է, թե ինչ է տեղի ունենում»,-ընդգծել է պատգամավորը՝ կարևորելով հատկապես ավելի սերտ տնտեսական և մշակութային համագործակցությունը ժողովրդավարական Արևմուտքի և Հայաստանի միջև։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նման ագրեսոր երկրները որևէ երկրի վրա հարձակվելու ցանկության դեպքում երկմտանքի մեջ կլինեն, եթե հավաքական Արևմուտքը հարձակման սպառնալիքի առաջ կանգնած երկրին համարի «իրենցից մեկը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Բաքուն դժկամություն է հայտնում խաղաղության պայմանագրի նախագծում Ալմաթիի հռչակագրին հստակ հղում անելու հարցում. Միրզոյան
Այն ավելի համապարփակ փաստաթուղթ է,  հարցում և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները...
Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կա'մ թաքցնում է քարտեզները, կա'մ ոչնչացվել է. Տիգրան Աբրահամյան
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով...
Հավատում ենք, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանի հարցազրույցը Al-Jazeera-ին
Վերջերս սահմանազատման հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավարները՝ երկու երկրների փոխվարչապետերը, եկան համաձայնության, որ...
Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանը ՀՀ քաղաքացիներին հորդորեց վստահել իշխանության գործողություններին և չտրվել այն սադրանքներին, որոնք շատ դեպքերում նպատակ...
Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որ կասի՝ վերջ, 100 տոկոս ամեն ինչ շատ լավ է լինելու. ՔՊ-ական
Հիմա սահմանազատված սահման ունենալն էականորեն նվազեցնում է էսկալացիայի...
Ամենաշատ