Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանի գործողությունները Իսրայելի դեմ հարկադրված էին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը՝ Դամասկոսում իրանական դիվանագիտական ներկայացուցչության վրա Իսրայելի օդային հարվածից և Իրանի ձեռնարկած պատասխանից հետո։
Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի կլինի ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով։
Իր հերթին Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Իրանի գործողությունները կրել են հարկադիր և սահմանափակ բնույթ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Թեհրանը շահագրգռված չէ լարվածության հետագա սրմամբ։
«Երկու կողմն էլ արձանագրել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունն է։ Այս առումով հաստատվել են Գազայի հատվածում անհապաղ հրադադարի, ծանր հումանիտար իրավիճակի մեղմացման և ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորման համար պայմանների ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի և Իրանի սկզբունքային մոտեցումները։
Ռուս-իրանական հարաբերությունների արդի հարցերի շուրջ մտքեր փոխանակելիս երկուստեք տրամադրվածություն է եղել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա առաջանցիկ զարգացման, այդ թվում՝ փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էբրահիմ Ռաիսիին և Իրանի բոլոր մուսուլմաններին սուրբ Ռամադան ամսվա ավարտի և օրերս նշված Ուրազա-բայրամ տոնի կապակցությամբ»,- ասվում է հաղորդման մեջ։