Ապրիլի 15-ին Ամստերդամում տեղի ունեցավ Սուրբ Հոգու հայկական եկեղեցու համար նոր զանգի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նվիրատուն Ուկրաինայի հայերի միությունն (ՈՒՀՄ) է։
Ինչպես հաղորդում է AnalitikaUA-ն, տեղի է ունեցել զանգի լվացման արարողությունը, որն իրականացրել է եկեղեցու ավագ քահանա Տեր Տարոն Թադևոսյանը։ Այս ծեսը, որը նախորդում է զանգի օծման գործողությանը, խորհրդանշում է զանգի մաքրումն ու պատրաստումը օգտագործման համար։
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը, միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանը, ՈՒՄՀ-ի Խերսոնի մասնաճյուղի նախագահ Տիգրան Մկրտչյանը։ Մասնակցում էին նաև ՈՒՄՀ ակտիվիստներ Արսեն Մելքումյանը Ուժգորոդից և Լևոն Գուլյանը Օդեսայից։ Միջոցառումը տեղի է ունեցել Ամստերդամի հայկական ընկերության անդամների մասնակցությամբ։
Ուկրաինայի հայերի միությունը ջանքեր է գործադրում հայկական մշակույթն ամբողջ աշխարհում պահպանելու և հանրահռչակելու համար։ Ուստի Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգի տրամադրումը կարևոր իրադարձություն է ոչ միայն տեղի համայնքի, այլև ողջ հայ ժողովրդի համար։