Ռուսաստանցի զբոսաշրջիկին, որը մեկնում էր Մեքսիկա Մադոննայի համերգի ներկա լինելու, թույլ չեն տվել թուրքական Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռ նստել, ինչի պատճառով նա 430 հազար ռուբլի է կորցրել, գրում է SHOT Telegram ալիքը։
Ինչպես պատմել է Գլեբ անունով տուժողը, այս ուրբաթ նա Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռով Սանկտ Պետերբուրգից Կանկուն է թռել՝ Ստամբուլով տարանցմամբ։ Նա մտադիր էր մասնակցել երգչուհի Մադոննայի համերգին և հանգստանալ արևոտ Մեքսիկայում։
Ըստ նրա, խնդիրները սկսվել են Մեքսիկա թռչող ինքնաթիռ նստելուց առաջ։ Ուղևորներին է մոտեցել «Gozen Security» կրծքաքարտով մի կին և սկսել մարդկանց տարբեր հերթերում կանգնեցնել: Կինը սեղանին ռուսաստանյան անձնագիր է տեսել և «Օ՜, էլի ռուսաստանյան անձնագիր» բացականչելով՝ սև գրիչով ջնջել է շտրիխ կոդը, այնուհետև անձնագրային ստուգման կետում արգելել է Գլեբին ինքնաթիռ նստել, թեև վերջինս հետադարձ տոմսեր և հյուրանոցի ամրագրում ուներ:
Գլեբի վկայությամբ, ռուսաստանյան անձնագրերով ևս մի քանի ուղևոր մերժում է ստացել «ճանապարհորդության կարճ պատմության» պատրվակով։ Ուղևորներից մեկը շենգենյան կնիքներով մի քանի անձնագիր է ունեցել, սակայն նրան հայտարարել են. «Մեքսիկան ձեզ չի սպասում»։
Ի վերջո, Turkish Airlines-ի աշխատակիցները հրաժարվել են լուծել տոմսերի հետ կապված խնդիրը և Գլեբին առաջարկել են 600 դոլարով (56 հազար ռուբլի) տուն վերադառնալու տոմս գնել: