News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է. «20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության և անգործության պայմաններում: Բռնի տեղահանվեց, հայրենազրկման, զանգվածային կոտորածների ենթարկվեց մեկուկես միլիոն հայ, ոչնչացվեց հազարամյակներով ստեղծված հայկական ժառանգության զգալի մասը: Թուրքիան, չնայած ակնհայտ բազմաթիվ փաստերին, ականատեսների վկայություններին, մինչ այժմ ժխտում է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այդ ծանրագույն հանցագործությունը:

Անցյալ դարասկզբի առաջին և անպատիժ ցեղասպանությունն այդպիսով ծնեց մարդկության դեմ ուղղված հետագա նոր հանցագործություններ. աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ էթնիկ զտումների, այլատյացության ու ցեղասպանության դեպքերը, ցավոք, այլևս իրողություն են:

Ընդամենը ամիսներ առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի և նրան անթաքույց, ամեն կերպ սատարող Թուրքիայի ջանքերով հազարամյակների իր բնօրրանից բռնի տեղահանվեց 140 հազարից ավելի հայ, նրանցից ոմանք ճանապարհին անմարդկային պայմաններում մահացան քաղցած, հիվանդ, ուժասպառ ու հուսահատ: Բռնագաղթից առաջ արցախահայությունը շուրջ մեկ տարի պատերազմի ամենօրյա սպառնալիքի պայմաններում դիմակայեց համատարած շրջափակման, հումանիտար ճգնաժամի դաժան պայմաններին: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում անպատիժ ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների պատմամշակութային ժառանգությունը:

Այլատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը և Թուրքիան, որ իրենց կոչում են մեկ ազգ՝ երկու պետություն, այժմ էլ խաղաղասիրական կեղծ թեզերով փորձում են բթացնել միջազգային հանրության զգոնությունը և ավարտին հասցնել անցյալ դարասկզբին սկսած հանցագործությունը՝ հանուն պանթյուրքիզմի իրենց վաղեմի ծրագրի:

Խաղաղություն չի´ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով: Դա ավելի շուտ հպատակեցման, ոչ թե խաղաղության ճանապարհ է:

Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի: Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը: Դա կարող է սպառնալիք լինել միայն իրենց աթոռի կորստյան, բայց ոչ երբեք պետության համար:

Մենք այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը և պահանջում Հայաստանի Հանրապետության կառավարիչներից՝ պետության օրակարգում պահել հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում:

Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Ամենաշատ