News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 26
USD
447.17
EUR
479.19
RUB
7.04
Տեսնել լրահոսը

ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել օրինական հիմքով: Այս մասին նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են հետեւյալը.

«Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ անդրադառնում են ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի պարտադիր զինծառայություն չանցնելու խնդրին։

Պարզաբանում ենք, որ Դ. Ջամալյանը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել օրինական հիմքով.

Պարզաբանում ենք, որ Դ. Ջամալյանը

• 1996-2001 թթ. եղել է ԵրՊՄՀ ուսանող, որն ավարտել է՝ ստանալով ռազմական հոգեբանի մասնագիտացում։

• 2001-ին ընդունվել է ասպիրանտուրա եւ օրենքով վերապահված տարկետման ժամկետում Ռուսաստանի Դաշնության Կրթության Ակադեմիայի Հոգեբանության Ինստիտուտում պաշտպանել է ատենախոսական թեզ՝ «Միջէթնիկական ագրեսիան ստերեոտիպերում» թեմայով եւ ստացել է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Ավելացնենք, որ 2007թ. Դ. Ջամալյանը մասնակցել է Հյուսիսատլանտյան Դաշինքի (NATO) «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջին հոգեբանական օգնություն աղետների եւ ահաբեկչության ժամանակ» ծրագրին։

Սկսած 2002թ.-ից առ այսօր Դ. Ջամալյանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում, ինչպես նաեւ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմում մասնագիտական լայնածավալ աշխատանքներ է իրականացրել։

Ռազմական հոգեբանության ոլորտի բարձրակարգ մասնագետ Դ. Ջամալյանի համագործակցությունը ՊՆ-ի հետ օգտակար է, արդյունավետ եւ գնահատանքի արժանի։ Իսկ օրինական հիմքերով ժամկետային զինծառայություն անցած չլինելու հանգամանքը որեւէ կերպ չի կարող նվազեցնել այդ աշխատանքի նշանակությունը»:

Հիշեցնենք, որ օրերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակում տիրող իրավիճակի դեմ պայքարող մարդկանց մասին խոսելիս, նշել էր, որ բանակի մասին խոսում են մարդիկ, ովքեր չեն ծառայել բանակում:

Տպել
Ամենաշատ