News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում հաստատեց «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց. «2024-ի թվականի մայիսի 6-ին տեղի է ունեցել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր երկու հավակնորդ՝արվեստագիտության թեկնածուներ Վարդան Ազատյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս հանդիսանում էր ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ռեկտորի  ընտրությունը կայացել է երկու փուլով, որի արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ 18 կողմ ձայնով (1 անվավեր քվեաթերթիկ) արվեստագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Լևոնի Ազատյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով

Վարդան Ազատյանը արվեստաբան է, հայագետ, փիլիսոփայության թարգմանիչ, ավելի քան 20 տարի դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Դասաախոսել է մի շարք բուհերում, այդ թվում արտերկրի: 2014-ին հիմնադրել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների  ինստիտուտը»:

Նախարարը հավելեց, որ ծանոթ է Ազատյանին եւ վստահ է, որ ակադեմիայի համար այս նշանակումը որակական աշխատանքի նոր փուլ կարող է նշանակել:

Իր հերթին Վարդան Ազատյանը շնորհակալություն հայտնեց իր նշանակման համար եւ ասաց. «Կարեւոր պահ է ինձ համար, որովհետեւ մեր բուհում եմ 27 տարի: Պաշտոնական ձեւակերպումների մեջ հաճախ իմաստը կորցնելու վտանգ ունենք: Ինձ համար փորձեցի ձեւակերպել Գեղարվեստի ակադեմիայի բուն իմաստը, նշանակությունը: Փաստորեն, Գեղարվեստի ակադեմիան միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է մասնագիտական մակարդակում արվեստ սովորել: Սա նշանակում է, որ ակադեմիան հայ արվեստի ապագայի գլխավոր երաշխավորն է ներկայում: Սա բարձր ու կարեւոր պատասխանատվություն է: Ես պատրաստ եմ ստանձնել այդ մեծ բովանդակության կենսագործումը: Սա նշանակում է գործնականում, որ մեր ակադեմիայում այսօր սովորող Էլենը կամ Ալիսան կամ Դավիթը վաղը պետք է լինեն Սարյանը, Ֆերմանյանը:

Միաժամանակ ինձ համար կարեւոր է, որ ակադեմիան դառնա տարածաշրջանային եւ միջազգային արվեստի կրթության կենտրոն: Ես իմ կապերը, իմ միջազգային փորձը ամբողջությամբ ներդնելու եմ այս կարեւոր գործին»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց եւ հաջողություններ մաղթեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ