News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Նախկինում Ալիեւի հետ շփումներում Լուկաշենկոն այնպիսի ցինիզմ չէր ցուցաբերում, ինչպիսին դա արեց Արցախ կատարած իր վերջին այցի ժամանակ։ Չնայած իր հռետորաբանությանը, նա այնուամենայնիվ պահպանեց կոռեկտությունը։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նա նշել է, որ Արցախում Լուկաշենկոյի հռետորաբանությունը բխում է վերջինիս քաղաքական հակառակորդ Տիխանովսկայայի հետ ՀՀ ղեկավարների հանդիպումներից: Արևմուտքը Տիխանովսկայային համարում է Բելառուսի ընտրված ղեկավար։ Վերլուծաբանը հիշեցրել է Տիխանովսկայայի հետ Հայաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումը:

«Ակնհայտ էր, որ Լուկաշենկոն հարմար առիթի դեպքում կհիշեցնի դա։ Ավելին, պետք չէ մտածել, որ ամեն ինչ սրանով կավարտվի։ Նրանք քինախինդ բնավորությամբ դաժան բռնապետեր են։ Նման մարդկանց հետ այլ մոտեցումներ է պետք դրսևորել։

Հայաստանին ի՞նչ տվեց իշխանությունների հանդիպումը Տիխանովսկայայի հետ: Ոչինչ։ Փոխարենը դա հանգեցրեց նրան, որ եթե նախկինում Լուկաշենկոն ինչ-որ բան էր անում՝ ելնելով բելառուսական պետության նպատակահարմարությունից, ապա այժմ Հայաստանին առնչվող հարցերը նրա համար սկսել են անձնական բնույթ կրել։

Դա Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքն է, որը նրանք փորձում են թաքցնել, ինչպես նախօրեիին Փաշինյանն արեց։ Փաշինյանը հո չէր ասելու, թե Լուկաշենկոն իրեն այդպես է պահել, քանի որ ՀՀ իշխանությունները հանդիպել են Տիխանովսկայայի հետ»,-նշել է Կիվիրյանը։

Փորձագետն ընդգծել է, որ ՝ որպես ՀԱՊԿ երկրորդ երկիր, որը, Փաշինյանի կարծիքով, մասնակցել է հայկական կողմի դեմ պատերազմ նախապատրաստելուն, ՀՀ վարչապետը նկատի է ունեցել Ռուսաստանին, բայց եթե սա ուղիղ ասի, դա իր համար վատ կվերջանա։ Ըստ Կիվիրյանի՝ Փաշինյանը վերջին անգամ գնալով Պուտինի մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանից ռուսական զորքերը դուրս բերելու առաջարկով՝ վախեցել է, որ դրանից հետո Ռուսաստանը կհայտարարի իր զորքերը հայ-թուրքական և իրանա-հայկական սահմաններից դուրս բերելու մտադրության մասին։

«Դեռևս Փաշինյանի իշխանության գալուց առաջ ռուսներն իրենց սահմանապահներին հեռացնելու վերաբերյալ մի քանի անգամ դիմել են Հայաստանին, սակայն սահմանի այս հատվածներն ինքնուրույն վերահսկելու համար Հայաստանին տարեկան լրացուցիչ մի քանի հարյուր միլիոն դոլար է պետք, ինչը Հայաստանը չունի, ուստի հայկական կողմը. Ժամանակ է ձգձգում»,- հավելել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ Ալիևը նախապես խնդրել էր Պուտինին հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել ռուսական զորքերը, որովհետև գիտի՝ առանց միջնորդների հայկական կողմից սրընթաց միակողմանի զիջումներ է կորզելու։ Կիվիրյանը համոզմունք է հայտնել, որ եթե Ռուսաստանը կարիք ունենա Հայաստանին Միութենական երկիր մտցնելու, անկախ իր ռազմական ներկայությունից, կանի դա։

«Բայց որպեսզի նման նախանշաններ ի հայտ գան, նախ դա պետք է տեղի ունենա կամ Վրաստանում, կամ Ադրբեջանում, ինչպես եղավ 1920 թվականին»,- եզրափակել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ