News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, սուվերենությանը սպառնալիքներ շատ կան, դրանք գալիս են մի քանի տարբեր երկրներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ առնվազն 2 երկիր մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, հարցին, թե ո՞ր երկրների մասին էր խոսքը, Գրիգորյանը չմեկնաբանեց։ Հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում այդ վտանգները չեզոքացնելու համար, ծառայության պետն ասաց․

«Այդ վտանգները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ։ Մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաեւ պետության զարգացման համար այն կարեւոր հետախուզական տեղեկությունները, որոնք պիտի հավաքի, դրանք հիմնականում ուղղված են ՀՀ արտաքին արտաքին վտանգները չեզոքացնելու, որոնք գալիս են տարբեր երկրներից եւ տարբեր երեւույթներից։ Մեր հետախուզական տեղեկությունները միտված են ապահովելու, որպեսզի քաղաքականության եւ քաղաքական որոշումները կայացվեն սոլիդ տեղեկությունների վրա»։

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք օժանդակում են այդ երկրներին, Գրիգորյանն ասաց․ «Բոլոր ժամանակակից երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերները ունեն եւ՛ ներքին դերակատարներ, եւ՛ արտաքին դերակատարներ, եւ Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ»։

Դիտարկմանը, թե իրավապահները նման դեպքերի բացահայտում չեն արել, Գրիգորյանն ասաց․ «Իրավապահները բացահայտումներ անում են եւ դրա մասին են վկայում նաեւ քրեական գործերը»։

Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ սպառնալիք կա, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետության անկախության, սուվերենության, տարածքային ամբողջականության վտանգները գալիս են տարբեր երկրներից»։

Հարցին՝ արդյո՞ք արտաքին հետախուզության ծառայությունը կկարողանա չեզոքացնել այդ վտանգները, ծառայության պետն ասաց․ «Մենք աշխատում ենք, անում ենք ամեն բան, ինչը մեր ձեռքերում է, եւ փորձում ենք երբեմն անհնար բաներ անել»։

Հարցին՝ ո՞ր ոլորտներին են առնչվում այդ վտանգները, Գրիգորյանն ասաց․ «Դրանք առնչվում են Հայաստանի գոյությանը, ինքիշխանությանը, սուվերեն որոշումներին, տարածքային ամբողջականությանը, ներքին կայությունյանը»։

Հարցին՝ ռազմական հարձակման վտանգ կա՞ Հայաստանի նկատմամբ, Գրիգորյանն ասաց․ «Ռազմական հարձակման վտանգները միշտ կան։ Քանի դեռ Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն նորմալացել ինչպես որ հարկն է, այդ վտանգներին պետք է լուրջ վերաբերել, բայց նաեւ չպետք է գերագնահատել եւ որոշակի հետեւությունների գալ։ Մենք պատշաճ ձեւով յուրաքանչյուր օր գնահատում ենք այդ ռիսկերը եւ ներկայացնում ենք վարչապետին, թե ինչ ռիսկեր ենք մենք տեսնում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ