News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանությունները հանձնառու են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, սակայն մենք խորը մտահոգություններ ունենք Ադրբեջանի հանձնառության հարցում՝ հաշվի առնելով այս երկրի ռազմատենչ հռետորաբանության ու սին խոստումների հարուստ փորձը, այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում այսօր տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկմանն ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցներից է այն, որ 2020-ի եռակողմ համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, սակայն 2020-ից հետո Բաքուն նոր ռազմագերիներ է վերցրել, այդ թվում Արցախի նախկին ղեկավարությանը, որոնք մարմնավորում են ազատությունը և ժողովրդավարությունը։

Բրայան Արդունին, մասնավորապես շեշտեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունը՝ նշելով, որ նա մարդասիրական նախագծեր է իրականացրել աշխարհի մակարդակով, հարյուրավոր նախագծեր է իրականացրել Արցախում՝ շենացնելով այս երկիրը, սակայն այժմ, ի թիվս Արցախի մյուս նախկին ղեկավարների հետ, գտնվում է ադրբեջանական բանտում և ենթարկվում տարատեսակ կտտանքների։

«Այսօր նրանք մնում են բանտերում՝ իրենց ընտանիքների հետ հաղորդակցվելու քիչ հնարավորությամբ։ Ոմանք կտտանքների են ենթարկվում»,- ասաց նա՝ հավելելով, որ նրանցից ոչ ոք պատշաճ կերպով չի կարողանում օգտվել օրենքով սահմանված իր իրավունքներից։

«Իսկապես դժվար է պատկերացնել խաղաղության անկեղծ գործընթաց Ադրբեջանի հետ, երբ այս երկիրը շարունակում է քաղաքական բանտարկյալներ, պատանդներ պահել»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ վերջերս Եվրոպական միությունը, ԱՄՆ կոնգրեսականները Ադրբեջանին կոչ են արել խաղաղություն հաստատել, որի շրջանակում ազատ կարձակվեն այս մարդիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ