Մինսկի մետրոյի ահաբեկչության կազմակերպման մեջ մեղավոր ճանաչված Դմիտրի Կոնովալովը եւ Վլադիսլավ Կովալեւը մահապատժի են դատապարտվել` գնդակահարության միջոցով: Նման որոշում է կայացրել Բելառուսի Գերագույն դատարանը այսօր` նոյեմբերի 30-ին:
«Տրուդ» թերթը հիշեցնում է, որ Մինսկի մետրոյի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2011թ. ապրիլի 11-ին` Բելառուսի անկախության օրը, եւ 15 մարդու կյանք է խլել: 200-ից ավելի մարդ վիրավորվել է:
Դատարանը մեղադրյալներից մեկին` Դմիտրի Կոնովալովին, մեղավոր է ճանաչել ահաբեկչության անմիջական իրագործման մեջ. հետաքննության տվյալներով` հենց նա է մետրոյում տեղադրել պայթուցիկ սարքը եւ գործողության մեջ դրել:
Կովալեւը մեղադրվում է հանցակցության համար. ահաբեկչությունից որոշ ժամանակ առաջ նա ռումբը հասցրել է վարձակալված բնակարան` իրավապահ մարմիններին չտեղեկացնելով պատրաստվող ահաբեկչության մասին:
Կոնովալովին եւ Կովալեւին բելառուսական հատուկ ծառայությունները ձերբակալել են պայթյունից մի քանի օր անց: Ավելի ուշ` հարցաքննություններից մեկի ժամանակ, Կոնովալովը հայտարարել էր, որ ահաբեկչության կազմակերպման նպատակը երկրի իրավիճակի ապակայունացումն էր եւ իշխանության փոփոխությունը: Վլադիսլավ Կովալեւը եւս սկզբում խոստովանական ցուցմունք էր տվել, սակայն ավելի ուշ հրաժարվել էր իր խոսքերից:
Նոյեմբերի 14-ին Բելառուսի դատախազությունը պահանջել էր պայթյունի երկու կազմակերպիչներին դատապարտել պատժի առավելագույն չափի` մահապատժի:
Նոյեմբերի 30-ին Գերագույն դատարանը բավարարել է դատախազության պահանջը:











