News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքը հովանավորում է իր սանիկին` Մհեր Ավետիսյանին, հավելելով, որ ինքը ոչ թե վերջինիս, այլ նրա երեխայի քավորն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Մհեր Ավետիսյանի գումար յուրացնելու եւ անպատիժ մնալու տեղեկությանը, նա նշեց, որ այդ հարցով ճիշտ կլինի դիմել հենց նրան: «Ես իր գործունեության հետ ընդհանրապես կապ չունեմ, դրանք ինձ չեն վերաբերում: Իսկ իմ մասով ինչ գրած է մամուլում, դա դետեկտիվ է»,- նշեց Նավասարդ Կճոյանը:

Մեր տեղեկություններով` արքեպիսկոպոսն իր սանիկի հոր` Մհեր Ավետիսյանի հետ միասին, մասնաբաժին ունի Խանջյանի օղակաձեւ այգում գտնվող Jose ռեստորանային համալիրում եւ նրան հաճախակի կարելի է այնտեղ տեսնել: Այս առնչությամբ, Կճոյանն ասաց. «Բացառվում է, դա սուտ է: Ես այցելում եմ, իհարկե, ոչ միայն Jose, ուրիշ տեղեր էլ, օրինակ` «Նոյան տապան», «Օջախ» եւ այլ ռեստորաններ, երբ հյուրեր են լինում, այցելում ենք տարբեր տեղեր»:

Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրել է, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի շուրջ նոր գործընթացներ են սպասվում. վերջինիս անունն էլի հոլովվում է մի աղմկահարույց պատմության շրջանակներում: Բանն այն է, որ վերջինիս սանիկը` ՀՀ քաղաքացի Մհեր Ավետիսյանը, 12 միլիոն ԱՄՆ դոլար է «քցել» մի քաղաքացուց, ով բավականին լուրջ անձնավորություն է Ռուսաստանում:«Հարուցված քրեական գործը քննել է ՀՀ ԱԱԾ-ն, սակայն Կճոյանի սանիկին այնքան լուրջ աջակցություն է ցուցաբերվել վերեւներից, որ գործը պարզապես «ջրել» են` ապավինելով այն մտքին, որ «քցված» ներդրողը չի բողոքի, եւ այս պատմությունը հրապարակային չի դառնա:

Ի դեպ՝ Մհեր Ավետիսյանի ախորժակը ուտելուց է բացվել: Մինչ 12 միլիոն ԱՄՆ դոլարին հասնելը, անհասկանալի գործարքի արդյունքում, կորել է եւս մեկ քաղաքացու 8 միլիոն ԱՄՆ դոլար»,- գրել է «ՉԻ-ն» եւ հիշեցրել, որ Մհեր Ավետիսյանը Կճոյանի հենց այն սանիկն է, որն իր քավորին «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա էր նվիրել. նկատենք, որ ավտոմեքենայի գինը` կախված մոդելից, տատանվում է 100-500 հազար եվրոյի սահմանում: Բացի այս, Մհերն այն անձնավորությունն է, որին հաջողվեց Խանջյան փողոցի երկայնքով ձգվող այգին ոչնչացնել եւ այնտեղ մեծ ռեստորանային համալիր կառուցել` «Jose» անունով. այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ տժժացող «հոգեւորականների»՝ հոգեւորականի սեւ սքեմներով եւ քաղաքացիական հագուստով: Թերթի փոխանցմամբ` շրջանառվող խոսակցությունների համաձայն` Մհեր Ավետիսյանը գործունեություն է ծավալել եւ ծավալում է Նավասարդ Կճոյանի բարձր հովանու ներքո, իսկ Կճոյանն էլ հովանավորվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում «Բենթլիի» թեմային զուգահեռ, քննարկվում էր այն իրողությունը, թե ինչու է ՀՀ վարչապետը զենքով պարգեւատրել այս հոգեւորականին:

Տպել
Ամենաշատ
Partner news