UWC Dilijan միջազգային դպրոցի 10 ամյակի առթիվ դպրոց էին վերադարձել նախկին սաները։ NEWS.am-ի հետ զրույցում լիբանանցի Դալիա Աթալահը պատմել է, թե ինչ ազդեցություն է դպրոցը գործել նրա ապագայի վրա․

«UWC Դիլիջանում սովորելն ինձ տվել է ինքնուրույնության և վստահության զգացում։ Դպրոցում բոլորը քաջալերում են տարբեր նախաձեռնություններ իրականացնելու հարցում, քանի որ բոլորը միանման են մտածում և փորձում են նպաստել փոփոխությանը՝ անգամ տեղական մակարդակով։

Բացի այդ, դպրոցն ինձ հնարավորություն է տվել ներգրավվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում, և ես տարիներ շարունակ միջոցառման վարողներից եմ եղել։ Չեմ կարող անգամ նկարագրել, թե ինչ ազդեցություն է ինձ վրա ունեցել այդքան հումանիստների հետ հանդիպումը, ովքեր շատ բան են արել իրենց համայնքերում՝ վտանգելով սեփական կյանքը՝ նպաստելու դրական փոփոխությանը»,-ասել է նա։

Դալիա Աթալլան ՄԱԿ համալսարանի քաղաքական վերլուծությունների  կենտրոնի գիտաշխատող է։ Նա նաև EchoHerEco-ի հիմնադիրն է, որը խթանում է կայուն զարգացումը՝ աջակցելով լիբանանցի արհեստագործ կանանց։ Նա նաև «Ավրորա» կրթաթոշակի է արժանացել, հանդիսանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկեր։

UWC Dilijan-ի նախկին սանը ջերմությամբ է հիշում դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին․

«Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը մեր համայնքի ամենամեծ ցավն է, և այդ փաստը մեծ զայրույթ է առաջացնում, քանի որ այս ամենը շատ անարդար է։ Նա UWC Դիլիջանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրն է, ով իր աշխատանքով փոխել է իմ և հազարավորների, միլիոնավորների կյանքը ամբողջ աշխարհում։ Այսպիսով ինչպե՞ս կարող ենք կանգնած չլինել նրա կողքին և չբարկանալ նրա ապօրինի ձերբակալությունից։ Դպրոցի մի խումբ շրջանավարտներով մենք նրա և այլ հայ ձերբակալվածների ազատ արձակումը պահանջող նախաձեռնություն ենք սկսել, և կարող եմ մյուս շրջանավարտների անունից էլ նշել, որ մենք կանգնած ենք Ռուբենի կողքին և պահանջում ենք նրա անհապաղ ազատ արձակումը Բաքվից»։

Հիշեցնենք, որ այս տարի նշվում է UWC Դիլիջանի 10 ամյակը։ UWC Դիլիջանը Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges) միջազգային ցանցի 18 դպրոցներից մեկն է։ Հայաստանյան մասնաճյուղը հիմնադրել են բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբերդը։

Տասնամյա գործունեության արդյունքում դպրոցն ունի 120 երկրից 917 շրջանավարտ, որոնց 98 տոկոսը կրթությունը շարունակել է աշխարհի լավագույն համալսարաններում։

Դպրոցն ունեցել է 160 հայ ուսանող, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 98 տոկոսը սովորել է հիմնադիր ընտանիքի կողմից տրամադրված կրթաթոշակով։

UWC Դիլիջանի ստեղծումով քաղաքում բացվել է 1700 ժամանակավոր և  շուրջ 300  մշտական աշխատատեղ, ակտիվացել զբոսաշրջային կյանքը։