News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLabECA) Հայաստանում արդեն գործում է, եւ շուտով գյուղացիների համար մոբայլ ծրագիր կառաջարկի: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հիշեցնենք, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» հաղթել է Ֆինլանդիայի կառավարության, NOKIA ընկերության եւ համաշխարհային բանկի կողմից ԱՊՀ տարածաշրջանում հայտարարված մրցույթում, իրավունք ստանալով բացել Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա, որը միակն է ԱՊՀ-ում եւ կսպասարկի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին:

Բ. Ենգիբարյանի խոսքով` լաբորատորիան առայժմ գործում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տարածքում, սակայն հաջորդ տարի կտեղափոխվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շենք, որտեղ հատկացվել է 400 քմ տարածք:

Լաբորատորիան արդեն մի շարք ծրագրեր է առաջարկել, որոնցից մեկը վերաբերում է գյուղատնտեսությանը: Այսինքն` գյուղացիները կկարողանան իրենց բջջային հեռախոսների միջոցով տեղեկություններ ստանալ գյուղմթերքների շուկայի կամ եղանակային պայմանների վերաբերյալ, օպերատիվ կողմնորոշվել, թե երբ է նպատակահարմար մթերքը շուկա հանել: Ընդ որում` ծրագրից կարող են օգտվել «հասարակ» (ոչ սմարթֆոն) հեռախոսներից, անկախ նրանից` հեռախոսը միացա՞ծ է ինտերնետին, թե՞ ոչ: Ըստ Բ. Ենգիբարյանի` NOKIA-ն շահագրգռված է ոչսմարտֆոնային հեռախոսների շուկայի զարգացմամբ, քանի որ այդտեղ ամուր դիրքեր ունի: Սակայն նշենք, որ ծրագրից կարող են օգտվել ցանկացած տեսակի կամ ֆիրմայի հեռախոս ունեցողները:

Գյուղացիների համար այս ծրագրից օգտվելն առանձնապես թանկ չի լինի, քննարկվում է նույնիսկ ծառայության անվճար լինելու տարբերակը: Առավելագույնը, ըստ Բ. Ենգիբարյանի, գինը հավասարազոր կլինի 1 SMS-ի գնին: Ծրագիրը, մասնագետների կարծիքով, հետաքրքրական կլինի նաեւ գյուղնախարարության համար, քանի որ հնարավորություն կտա միջինացված գներ ստանալ ողջ հանրապետության մասշտաբով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ