Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները կողմնորոշված էին դեպի Բայդենի վարչակազմը, և ԱՄՆ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունները լուրջ խնդիր դարձան նրանց համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նա բացատրել է, որ ԱՄՆ-ում իշխանության են եկել խորապես կրոնավոր մարդիկ, պահպանողական հայացքներ ունեցող մարդիկ։

Սարգսյանը մատնանշել է այս դիրքից հարաբերությունների կառուցման կարևորությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին պետությունն է։

«Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պետք է օգտագործեն հենց այս գործոնը՝ եկեղեցու և հայ համայնքի գործոնը որպես գաղափարական հիմք։ Սակայն ես վստահ չեմ, որ նրանք կկարողանան դա անել»,- նշել է  նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը երբեք ռազմավարական նշանակություն չի ունեցել, բացառությամբ Բայդենի օրոք ընդունված փաստաթղթի։

«Կարծում եմ՝ Թրամփը կարող է Հարավային Կովկասի հարցը դիտարկել Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու համատեքստում։ Ենթադրում եմ, որ մոտ ապագայում մենք որոշակի ազդակներ կստանանք ԱՄՆ-ից։

Եթե Թրամփն ու Պուտինը հանդիպեն, կքննարկեն նաև հարցեր, որոնց շուրջ կողմերը կարող են փոխզիջումների գնալ՝ ազդեցության տարածման առումով։ Բացի այդ, պետք է գլոբալ պայմանավորվածություններ ձեռք բերվեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ։ Աշխարհակարգը փոխվել է, և դա պետք է արձանագրել։ Դրանում իր տեղը զբաղեցնում է Չինաստանը։ Կարծում եմ, որ լուրջ քննարկումներ կծավալվեն, և ազդեցության ոլորտների շուրջ կարող են լինել լուրջ փոխզիջումներ»,- ընդգծել է քաղաքագետը։