News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանում ընտրությունները չանցկացվեն անհրաժեշտ մակարդակով, բոլոր ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ապա վերջին շրջանում արտաքին քաղաքական դաշտում ձեւավորված իմիջը մի վայրկյանում կվերանա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի` «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե կան նախադրյալներ 2012-ին երկրում խաղաղ եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

«Եթե անկեղծ խոսենք, ներկա պահին կան միայն հավաստիացումներ, որ ընտրությունները պետք է անցկացվեն ազատ, արդար եւ թափանցիկ: Կարող եմ միայն մի բան ասել. մենք պետք է անենք ամեն  ինչ, որ այդ հավաստիացումները կյանքի կոչվեն: Որովհետեւ եթե մենք անհրաժեշտ մակարդակով ընտրություններ չանցկացնենք` համապատասխան բոլոր ժողովրդավարական չափանիշների, ապա հավաստիացնում եմ. վերջին շրջանում արտաքին քաղաքական դաշտում ձեւավորված իմիջը մի վայրկյանում կվերանա: Այդ մասին հստակորեն հայտարարել են միջազգային հեղինակավոր կառույցները: Ես անձամբ եմ զրուցել Եվրախորհրդարանի նախագահի, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի, եվրոպական կառույցների այլ պատասխանատու անձանց հետ եւ կարող եմ ասել, որ նրանք երբեք այսքան ուշադիր չեն եղել Հայաստանի ընտրությունների հարցում, ինչպես առաջիկա խորհրդարանական ընտրությունների նկատմամբ»,-նշել է իշխող կոալիցիայի պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով, խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն են լինելու Հայաստանի համար երկրի ժողովրդավարացման գործում: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ անցել են ժամանակները, երբ դրա բացթողումը մենք վերագրում էինք  «մանկական» «անցումային» ժողովրդավարությանը. «Մենք արդեն 20-ամյա պատմությամբ պետություն ենք, եւ պարտավոր ենք այնպիսի ընտրություններ անցկացնել, որ միջազգային կառույցների գնահատականներում, ի վերջո, տեղ չգտնվի «գրեթե համապատասխանում էին» միջազգային չափանիշներին որակավորմանը»:

Մեկնաբանելով ընդդիմության հայտարարությունն այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական պայքարում օգտագործում է վարչական եւ բարեգործական ռեսուրսները, Զոհրաբյանը ասել է. «Բնականաբար, ընդդիմության գլխավոր զենքերից մեկը քննադատությունն է` հասցեագրված կոալիցիայի մյուս կուսակցություններին: Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք հստակ հայտարարել ենք. «Բարգավաճ Հայաստան»-ը չի իրականացնում որեւէ բարեգործական ծրագիր: Այդ ծրագրերը բացառապես իրականացնում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Դեռեւս մեր երկրում կան սոցիալական լուրջ խնդիրներ, հասարակության անապահով խավեր, որոնց խնդիրները պետությունը չի կարողանում ամբողջությամբ լուծել, հիմնադրամը եւ Գագիկ Ծառուկյանը անձամբ են զբաղվելու բարեգործությամբ, անկախ այն բանից, թե դա ինչպես է գնահատվելու»:

Զոհրաբյանը հավաստիացրել է, որ կուսակցությունը երբեք էլ չի փորձել քաղաքական դիվիդենտներ շահել հիմնադրամի բարեգործական գործունեությունից: Իսկ վերջինս միշտ էլ զբաղվել է բարեգործությամբ, անկախ այն բանից նախընտրական շրջան է, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ