Երեւան-Աշտարակ մայրուղին այս պահին փակ է. բողոքի ակցիայի են դուրս եկել Քասախ բնակավայրի բնակիչները, որոնք պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երեւանի հետ:

Ավտոմեքենաներից մեկը բարձրացավ մայթի վրա, որ կարողանա շրջանցել փողոցը փակածներին:

Լրագրողի դիտարկմանը, որ երթեւեկության կանոններն է խախտում, հնչեց պատասխան. «Աղջիկ ջան, թաղում եմ էթում, կարա՞ս էն յան էթաս»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։