News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածած ենթասպա Արմեն Թովմասյանի մեղադրանքը կվերավորակվի, որի արդյունքում պատիժը ավելի կխստացվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Հիշեցենք, որ դեկտեմբերի 16-ին, Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ԼՂՀ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը): Իսկ եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածություն կամ խմբակային շահերից ելնելով եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով: Հատկանշական է, որ մեղադրանքում խոսք անգամ չկա մարմնական վնասվածքների մասին:

Մերի Սարգսյանից ամեն դեպքում հետաքրքրվեցինք, որ եթե ներկայիս մեղադրանքով 2-5 տարվա պատիժ է նախատեսվում, քանի՞ տարով պատիժը կխստացվի վերավորակումից հետո, ինչին նա արձագանքեց, որ այդ հարցի պատասխանը պարզ կդառնա հավանաբար մյուս շաբաթ:

Հիշեցենք, որ դեկտեմբերի 16-ին Հելսինկյան ասոցիացիայից NEWS.am-ին փոխանցել էին դեպքի մանրամասները, որ դիրքերից իջնելիս ենթասպա Արմեն Թովմասյանը, որը ճաշարանի աշխատակից է, ցանկացել է  Նարեկին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել է: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է նրա աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց կանխավ զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերեւից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին: Հետո այդտեղից Նարեկին տեղափոխել են Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, որտեղ էլ հեռացվել է շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը: Այսինքն` վիրահատության արդյունքում ընդամենը աչքի արտաքին տեսքն են վերականգնել, իսկ տեսողությունը չի կարող վերականգնվել:

Նարեկ Ավետիսյանի հորը` Անդրանիկ Ավետիսյանին ուղղված NEWS.am-ին այն հարցին, թե մեկ այլ զորամասում վնասված զինվորներից մեկի հայրը մեղադրանքը հետ է վերցրել եւ հավանակա՞ն է, որ ինքն էլ այդ քայլին դիմի, արձագանքեց. «Չէ, չէ, չէ: Նման բան չկա: Ես անհամբեր սպասում եմ դատին»:

Նա մեզ հետ վերջին զրույցում նշել էր նաեւ, որ փորձելու է պարզել, թե ովքեր են կանգնած ենթասպայի թիկունքում: Հարցին, թե պարզե՞լ է ինչ-որ բան, թե` ոչ, զինվորի հայրը պատասխանեց. «Հոր հետ եմ հանդիպել, ներողություն էր խնդրում: Թրջված մարդիկ էին երեւում, թեեւ այստեղ Էջմիածնում բոլորը հարցնում են, թե ճի՞շտ ա, որ սրա բարեկամն ա, նրա բարեկամ ա: Բայց ես, որ հաստատ չգիտեմ չեմ ցանկանում անուններ տալ: Որպես ծնող ամենաշատը վիրավորված եմ Էջմիածնի զինկոմից, որ 13-14 օր հիվանդանոցում Նարեկը պարկեց, բայց զինկոմը մի մարդ չուղարկեց, որ տեսնեին ա՞չքն են հանել, գլո՞ւխն են կտրել, ակա՞նջն են կտրել, թե ինչ են արել իրենց զինվորի հետ: 12 օրը լրացավ, գնացել եմ զինկոմին ասում եմ. «Պարոն գնդապետ, որ իմ երեխան մի օր ուշ ներկայանար հետեւից 100 հոգի կուղարկեիք, էս 12 օր է պառկած է, մի հատ մարդ չուղարկեցիք տեսնեիք կենդանի է, թե` ոչ:  Ասում են ժամանակ չունենք, զորակոչ ա: Հատուկ մի հատ բողոք եմ ներկայացնելու մեր զինկոմիսարիատի դեմ, որ իր ուղարկած զինվորների հանդեպ նման սառը վերաբերմունք են ցուցաբերում: Բա մի հատ չհետաքրքրվի՞, թե ինչ է եղել, ինչպես է եղել»,- դժգոհեց զինվորի հայրը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Նարեկի բանկից ազատման զինվորական գրքույկը դեռ չեն տվել:

Այդ խնդրի առնչությամբ, Մերի Սարգսյանը նկատեց, որ Նարեկը դեռ բուժման մեջ է, հետեւաբար դեռ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով պետք է  նշանակվի, որն անցնելուց հետո, եզրակացության հիման վրա նոր միայն կազատվի ծառայությունից:

Ի դեպ, Անդրանիկ Ավետիսյանի պատմելով Նարեկի հոգեկան վիճակը հանգիստ չէ, անտրամադիր է, հաց չի ուտում, չի խոսում: «7 ամիս առաջվա Նարեկի եւ ներկայիս Նարեկի միջեւ սարեր ու ձորերի տարբերություն կա: Ես որպես ծնող այդ տարբերությունը զգում եմ: Տարան սարքեցին եսիմ ինչ բերին տվեցին ձեռքս: Այնինչ, Նարեկս գիտի, թե հլը բուժվելու է»,- դժգոհեց Նարեկի հայրը:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ