«Այսօր հասել ենք կարեւոր հանգրվանի Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում։ Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն ունենալու հիմքեր ենք դնում»։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս բեկումնային առաջընթացը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձանական ներգրավվածության եւ մեր տարածաշրջանում խաղաղության նկատմամբ նրա վճռական հանձնառության։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջեւ տասնամյակներ տեւած հակամարտությանը վերջ դնելու համար եւ կբացի նոր դարաշրջան հիմնված միամյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա։ Այսօրվա հռչակագրերը, որոնք անձամբ կստորագրի նաեւ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ստորագրման արարողությանն անձամբ ներկա կլինի, վստահություն եւ երաշխիք է տալիս առ այն, որ մենք Հարավային կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության եւ տնտեսական համագործակցության էջը։
Այս համատեքստում թույլ տվեք ընդգծել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին համաձայնագիրը՝ հիմնված ինքիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սկզբունքների վրա։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թրամփին այս արդյունքին հասնելու գործում ունեցած միջնորդական դերակատարման համար։ Սա լրջագույն հաջողություն է աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի անվտանգ աշխարհ։ Մեկ նախադասությամբ սա կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ՝ ուժ, որը հանգեցնում է խաղաղության։ Պարոն նախագահ, այսօրվա մեծ նվաճումը հերթական անգամ վկայում է ձեր համաշխարհային առաջնորդության եւ համաշխարհային ասպարեզում պետական գործչի եւ խաղաղարարի ձեր ունեցած պատմական դերակատարման մասին։ Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է տեսլական, քաղաքական խիզախություն եւ վճռականություն։
Իսկ ամենակարեւորն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է հավատ գործի նկատմամբ։ Ինչպես սուրբ Աստվածաշնչում է ասվում՝ երանի խաղաղարարներին, որովհետեւ նրանք կկոչվեն Աստծո որդիներ։ Թող Աստված լուսավորի այս ճանապարհը»,– նշեց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով տարածաշրջանի, երկու երկրների ժողովուրդներին։











