«Երևանտրանս» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի, սա, ըստ էության, տրամաբանական շարունակությունն է Երևան քաղաքի ավագանու կողմից «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման որոշման։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով ավագանու որոշման համապատասխան նախագիծը։
Նրա խոսքով՝ այս որոշման քննարկումը պայմանավորված է նրանով, որ այսօր հանրության շրջանում լայնորեն քննարկվում է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի արդյունավետության և Երևան քաղաքի երթևեկության առաջ ծառացած մարտահրավերների հարցը. «Այս առիթը օգտագործելով ցանկանում եմ որոշակի ինֆորմացիա հայտնել, թե Երևան քաղաքի քաղաքային իշխանության կողմից և, մասնավորապես, Երևան քաղաքի իրավիճակի կառավարման կենտրոնի կողմից, ի՞նչ աշխատանքներ են իրականացվել և ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում առաջիկայում։
Երևան քաղաքի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ Երևան քաղաքի երթևեկության կառավարման և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։
Առաջնային աշխատանքը, որը իրականացվել է, ուղղված է հենց այդպիսի տվյալների կենտրոնացմանը, և առաջին նախագիծը, որը սկիզբ է առել, ուզում եմ նշել, դա Տվյալների միասնական պահոցի ստեղծումն է, որտեղ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք կարող են վերաբերել և վերաբերում են Երևան քաղաքի երթևեկությանը։ Բնականաբար, դրանց շրջանակը և ընդգրկվածությունը շարունակաբար ավելանալու է»,–ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ այդ նպատակով Երևանում համապատասխան տեսախցիկների կտեղադրվեն, ինչի համար արդեն հայտարարված է համապատասխան մրցույթի 2-րդ փուլը։
«Տեսախցիկների միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ՝ օրվա տարբեր ժամերին տարվա տարբեր ամիսներին։ Գրեթե ամբողջությամբ գույքագվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը, որը ցավոք սրտի՝ ամբողջությամբ չէ արդիական և էական արդիականացման կարիք ունի, բայց անգամ գործող լուսացուցային համակարգը հնարավոր է կարգաբերել այնպես, որպեսզի որոշակի փոփոխություններ, էական փոփոխություններ քաղաքի բեռնվածության առումով նկատելի լինեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նախատեսվում է ստեղծել նոր լուսացուցային ենթակառուցվածք։ Միաժամանակ, քննարկման է ներկայացվում ևս մեկ նախագիծ, որով նախատեսվում է քաղաքային մուտքերի մոտ համապատասխան ավտոկայանատեղիներ ստեղծել։
«Երևան քաղաքի տրաֆիկը, հոսքը չի ձևավորվում բացառապես Երևան քաղաքի բնակիչների և Երևան քաղաքում բնակվող, գործունեություն ծավալող անձանց կողմից, այլ նաև հարակից բնակավայրերից, այլ մարզերից Երևան ամենօր եկող մեր քաղաքացիներից։
Տրամաբանությունը, որի ուղղությամբ շարժվում է Երևան քաղաքի իշխանությունը այս առումով այն է, որ պետք է հիմնական արագ տեղափոխման միջոցը լինի հանրային տրանսպորտը, որի արագ տեղափոխությունը ապահովելու համար հիմնական երկու ուղղություն է իրականացվում, դա ավտոբուսային առանձնացված լրացուցիչ գծերի ուղղությամբ աշխատանքն է և լրացուցիչ շարժակազմի ձեռք բերման աշխատանքը»,–ասաց Սուրեն Գրիգորյանը։





























