ԱՄՆ-ն օրակարգից չի հանում սիրիական ընդդիմադիր խմբավորումներին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը: Այս մասին փետրվարի 7-ի ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք երբեք ոչինչ չենք հանում օրակարգից», - ասել է դիվանագետը` պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի աշխատակազմը հրաժարվում է արդյոք ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնի` սիրիական ընդդիմությանը զենք տրամադրելու առաջարկությունից:
«Այնուամենայնիվ, նախագահը հստակ հասկացնել է տվել, պետքարտուղարն անընդմեջ ասում է, որ մենք զենքի քանակի աճը Սիրիայում հարցի պատասխան չենք համարում: Մենք կարծում ենք, որ պատասխան կարող է դառնալ ազգային ժողովրդավարական կոալիցիայի ստեղծումը, բռնության վերացումը, քաղաքից վարչակարգի հրետանու դուրսբերումը, իսկ այնուհետեւ դիտորդների վերադարձը», - ասել է Վ. Նուլանդը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սենատոր Ջոն Մաքքեյնը ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել սիրիական ընդդիմությանն օգնելու բոլոր տարբերակները, այդ թվում նաեւ` նրա սպառազինումը:
Ավելի վաղ Նուլանդը ներկայացրել էր ԱՄՆ-ի մտավախությունն այն առիթով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին տված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոստումները կարող են նորից դատարկ խոսքեր լինել:
«Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, դուք կարող եք ենթադրել, որ միջազգային հանրությունը շատ կասկածանքով կվերաբերվի այն փաստին, որ Սիրիայում բռնության կրճատման փոխարեն մենք կլսենք հանրաքվեի մասին խոստում, որը Ասադը կրկնում է արդեն շատ ամիսներ», - նշել է նա, ավելացնելով, որ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես այդ ամենը կարող են հանգեցնել խաղաղ ազգային երկխոսության Սիրիայի ժողովրդավարական ապագայի համար, որը բոլորն են ուզում:
Սակայն նա նշել է, որ ռուսական իշխանություններից հանդիպման արդյունքների մասին պաշտոնական տեղեկություն չի ստացվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելել էր Դամասկոս նախագահ Ասադի հետ բանակցություններ վարելու համար: Բանակցություններին մասնակցել է նաեւ Ռուսաստանի Արտաքին հետախուզության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը: