Եթե ՌԴ-ն կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները Հայաստանով անցնեն և մենք դրանից քաղաքական, տնտեսական և անվտանգային օգուտներ ունենանք, մենք պրոբլեմ չունենք: Այս մասին այսօր ՔՊ գրասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Խնդիրը նրանում է, որ չենք կարող ասել՝ դե, եկեք, օրինակ այս երկրի համար մեր շահերը զոհենք, չենք կարող ասել: Ցանկացած պարագայում, երբ դրվի ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահը, մենք ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու, դրվի ՀՀ-ի և ՌԴ-ի շահը, դրվի ՀՀ–ի եւ Չինաստանի շահը, մենք ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու։ Բոլորին շատ սիրում ենք, բոլորի նկատմամբ հարգանք ունենք, բայց ցանկացած պարագայում, երբ նժարին դրվի Հայաստանի և որևէ բարեկամ, գործընկեր, ռազմավարական դաշնակից, մենք մեր շահն ենք առաջնահերթ համարելու»,– ասել է նախարարը։
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր։











