Թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանի առողջական վիճակը շարունակում է մնալ անկայուն, թեեւ կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am- ի թղթակից հետ զրույցում ասաց արձակագիր, նրա ընկեր Էդգար Կոստանդյանը: Նրա խոսքով` հրապարակախոսի ինքնազգացողությունը նորմալ է, այսօր բժշկի չեն տարել եւ բուժումն արտասահմանում շարունակելու անհրաժեշտություն չկա:

Ի դեպ, երեկվանից համացանցում տարածվել է «Վահրամ Սահակյանի ամենավերջին ուղերձը» վերտառության տեսանյութ, որտեղ թատերագիրը ասում է.

«Ես վատառողջ եմ. ծանր, գուցե եւ սաղ չմնամ, իմ մի աչքը չի գործում համարյա, բայց ես դեռ գիտակցություն ունեմ, ուշադիր լսեք, էն կենդանիները, որոնք Մաշտոցի պուրակի ակտիվիստներին կնեղացնեն ինչ-որ բանով, սադրանք կանեն, երեք օրում չեն կատարի նրանց պահանջները, ես նրանց մորը…»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը մոտ 5 օր է` բժիշկների վերահսկողության ներքո է, նրա մոտ հայտնաբերվել է  ուղեղի բորբոքում: Նրա ինքնազգացողությունը վատացել է, այժմ գտնվում է տանը` պառկած վիճակում, բայց պարբերաբար տանում են հիվանդանոց, բերում, բուժման կուրսեր է անցնում: 

Նշենք, որ Էդգար Կոստանդյանն այսօր իր ՝ kostandyanblog-ում գրել է, որ Վահրամ Սահակյանի vraert.com կայքն անորոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքները՝ հեղինակի ծանր հիվանդության պատճառով: Կասեցվել են նաեւ նրա էջերը բոլոր սոցիալական ցանցերում:

Հ.Գ. Ուշադրություն, տեսանյութում կան հայհոյանքներ: