News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական «ժառանգություն» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնություն է հանդես բերել` կառավարությանն առաջարկելով դատապարտել Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների, ասորիների եւ այլ ազգերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: Բացի այդ` առաջարկվում է այդ կապակցությամբ մայիսի 19-ը հայտարարել որպես հիշատակի օր: 

Հայաստանի կառավարությունն այսօր` փետրվարի 23-ին նշված օրենսդրական առաջարկության վերաբերյալ հրապարակեց իր եզրակացությունը: Այն է` «եւ այլ ազգերի ցեղասպանության» արտահայտությունն անորոշ է եւ տարամեկնաբանությունների ու տարընթերցումների տեղիք կարող է տալ: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ այդ հարցադրման հստակեցման դեպքում միայն կառավարությունը կտա իր եզրակացությունը:

Ըստ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած հիմնավորման` առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եւ նրանից հետո (1912-1923 թվականներին) Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորածները, նրանց տաժանակիր աշխատեցնելը եւ սեփականությունից զրկելը (գույքի բռնագրավում) բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության` ուղղված հայ, հույն, ասորի եւ այլ բնիկ ժողովուրդների դեմ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2.7 միլիոն հույն: Աղբյուրների եւ արխիվների ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել են ավելի քան 700 հազար հույներ` կոտորածների, ինչպես նաեւ բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետեւանքով:

Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը 1994 թ. ճանաչել է Պոնտոսի հույների նկատմամբ իրագործված ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ