News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մենք պարտք ունենք մարտի 1-ի զոհերի առաջ, ես անձամբ պարտք ունեմ հոկտեմբերի 27-ի զոհերի առաջ, բոլորս պարտք ունենք մեր երեխաների առաջ: Այս մասին, այսօր` մարտի 1-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Մեզանից շատերն այդ պարտքը զգում են, բայց իրենց բողոքն արտահայտում են այլ կերպ: Ու մենք ամեն օր տեսնում են, թե ինչպես են մեր ընկերը, հարեւանը, բարեկամը լքում երկիրը: Լքում է անդարձ, տխուր, մենակ, հետո ընտանիքին տանելով:

Նույնիսկ իշխանություններն իրենց վիճակագրական տվյալներով խոստովանում են, որ 130 հազար մարդ են լքել Հայաստանը: Հիմա նույն իշխանությունների տվյալներով Լեռնային Ղարաբաղում ապրում է 130 հազար մարդ: Դա նշանակում է, որ մենք Ղարաբաղի չափ ժողովուրդ ենք կորցնում: Հայաստանի 80 տոկոսը չի թաքցնում, որ հնարավորության դեպքում կլքեն երկիրը»,-ասաց նա:

Արամ Սարգսյանի խոսքով, Հայաստանի հիմնական դժբախտությունը մենաշնորհներն են: «Այս երկրում մի մարդ ունի իշխանություն` Սերժ Սարգսյանը: Երկրորդ մենաշնորհը դա քաղաքական մենաշնորհն է: Հենց Դավիթ Հարությունյանը խոստովանեց, որ որոշումը քաղաքական է, եւ մենաշնորհ պիտի ունենա միայն հանրապետական կուսակցությունը: Երրորդ մենաշնորհը տնտեսական մենաշնորհն է:

Այս մենաշնորհները խեղդում են ժողովրդին, սրանց հետեւանքն են, որ ժողովուրդը լքում է երկիրը: ժողովուրդը մի քայլ ունի, ինքն էլ պիտի դառնա մենաշնորհ, համախմբվի ու հաստատի ժողովրդի իշխանության մենաշնորհ»,- ընդգծեց «Հանրապետության» առաջնորդը:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ իր խոսքում նշեց. «Այսօր հարգանքի տուրք մատուցելով մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին, մենք հայտարարում են, որ մարտի 1-ի էջը փակված չէ, քանի պատասխանատվության չեն ենթարկվել սպանդի կազմակերպիչները:

Ժողովուրդը իշխանափոխության հույսը մշտապես կապել է նախագահական ընտրությունների հետ: Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է անտեսենք խորհրդարանական ընտրությունները: Մեր խնդիրը միայն խորհրդարանում հայտնվելը չէ, այլ երկիրը համակարգային ճգնաժամից դուրս բերելը:

ՀԱԿ-ի ծանրակշիռ ներկայությունը էապես փոխելու է մթնոլորտը եւ նախադրյալներ ստեղծելու նախագահական ընտրություններում հաղթանակի հասնելու համար:

Մենք չենք կարող լուրջ ընդունել իշխանությունների հավաստիացումները արդար ընտրությունների անցկացման մասին, քանի չեն պատժվել կեղծիքների հեղինակները:

Մենք գտնում ենք, որ բոյկոտելը ճիշտ ճանապարհ չէ, կենտրոնացնենք մեր ուժերը, հաղթենք եւ հաստատենք ժողովրդի իշխանություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ