News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պակիստանի Սենատի փոխնախագահ Միր Ջան Ջամալին Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջանին  առաջարկել է ստեղծել համատեղ ռազմական դաշինք: Նա կարծիք է հայտնել, որ Պակիստանի միջուկային զենքը եւ ադրբեջանական ռազմական ներուժը կարող են միմյանց լրացնել: Այդ առաջարկությունը հնչել է բոլոր մահմեդական երկրների ռազմական դաշինք ստեղծելու ենթատեքստով:

Նա հայտարարել է, որ Պակիստանի եւ Թուրքիայի միջեւ հիանալի հարաբերություններ են, եւ այդ երկու պետություններն էլ միշտ պատրաստ են աջակցել Ադրբեջանին:

«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Աջար Քուրթովը, այդ տեղեկությունը մեկնաբանելով, նշել է, որ նման հայտարարությունները բավականին անսպասելի են հնչում: Ըստ նրա` մահմեդական աշխարհը շատ տարբեր է  եւ դժվար թե պատրաստ լինի ռազմական դաշինքով միավորվելուն: Շատ մեծ տարբերություն կա նաեւ Պակիստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Նրանք տարբեր պատմություն,  ժողովրդագրական տարբեր պոտենցիալ ունեն: Տարբերություններ կան նաեւ բնակչության կրոնական կազմում: Պակիստանը հիմնականում սուննիական պետություն է, Ադրբեջանում ընդհակառակը,  երկու երրորդ մասը շիաներ են: Պակիստանի ներկայացուցչի հայտարարությունը, ըստ ամենայնի, հրապարակային խաղ էր», - ամփոփել է փորձագետը:

Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ Պակիստանի պատմության մեջ եղել է շրջան, երբ Իսլամաբադը ստանձնել էր Թուրքիայից Չինաստան ընկած հսկայական ըտարածքի  «լիակատար եւ վերջնական իսլամականացման» առաքելությունը: Ավելորդ չի լինի հիշեցնել Բենազիր Բհուտոյի հայտարարությունը. «Իսլամական երկրների ամբողջ տարածքում իսլամական աշխարհի միավորվելու եւ ձուլվելու ճանապարհին միայն երկու խոչընդոտ կա` Հայաստանը եւ Վրաստանը»:

Միր Ջան Ջամալիի հայտարարությունը լիովին տեղավորվում է Պակիստանի քաղաքականության ընդհանուր ուղղվածության մեջ`նոր դաշնակիցների որոնում` ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման պայմաններում: Մահմեդական երկրների ռազմական դաշինք ստեղծելու պատրաստակամության մասին հայտարարելը ազդանշան է, որը Վաշինգթոնը չի կարող չնկատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ