News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Այսօր` մարտի 17-ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Գրիգոլ Վաշաձեն նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների պարբերական հանդիպումները թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական ձեւաչափերով բարի ավանդույթ են դարձել, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր, մշակելու եւ համաձայնեցնելու համագործակցության նոր ծրագրեր:

Առանձնազրույցի ձեւաչափով տեղի ունեցած նախարարների հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի համար կարեւորություն ներկայացնող մի շարք խնդիրներ:

Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն հայտնեցին հաստատված պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ:

Նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների օրակարգին:

Նույն օրը ավարտելով այցելությունը Թբիլիսի՝ նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ