News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Ռուսաստանի ուղիղ միջնորդությամբ, 1994 թվականի մայիսին ստորագրվել է հրադադարի համաձայնագիրը, որը թույլ տվեց վերջ դնել հակամարտության «թեժ» փուլին: Վերջին տարիներին Ռուսաստանի ղեկավարությունը օգտագործում է Երեւանի եւ Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները, որպեսզի համանախագահների հետ համաձայնեցված մոտեցումների շրջանակում լուծումներ գտնի նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ ձեւաչափով: Այդ ճանապարհին կարեւոր փուլ էր 2008-ին Մոսկվայում ընդունված հռչակագիրը:

Դա առաջին եւ դեռ միակ փաստաթուղթն է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում, որի տակ կան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությունը: Այնտեղ հստակ ձեւակերպված է կողմերի մտադրությունը` տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն հաստատելու համար` միջազգային իրավունքի նորմերի համաձայն ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով»,-նշել է Պոպովը:

Նա կարծում է, որ հակամարտության կողմերի մտավորականների, գիտական եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջեւ երկխոսության վերսկսումը կոչված է նպաստել երկու ժողովուրդների միջեւ «կամուրջներ գցելուն»:

«Ի դեպ, ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյը վերջերս Մոսկվայում մի քանի հանդիպում է կազմակերպել հայ եւ ադրբեջանցի մտավորականների մասնակցությամբ»,-հիշեցրել է դիվանագետը:

Սակայն Ռուսաստանի միջնորդության հիմնական թեման, նրա խոսքով, օգնությունն է հակամարտության կողմերին` ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքի հարցում: Երկու նախագահների հանդիպումների միջեւ ընկած ժամանակահատվածում աշխատում են երկու երկրների ԱԳ նախարարները: Կողմերին տարբերակներ են առաջարկվում: Միասին որոնում են հնարավոր փոխզիջումներ: «Հույս ունեմ, որ կողմերի կառուցողական մոտեցում ցուցաբերելու դեպքում այս տարի ԼՂ խնդրի լուծման հարցում ավելի մեծ առաջընթաց կլինի, քան նախորդ տարի»,- իր խոսքն ամփոփել է Պոպովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ