News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ մարտի 21-ին հաղորդել են այն մասին, որ հայտնի բրգաշինարար Սերգեյ Մավրոդին փախել է Բոտկինի հիվանդանոցից` հետը տանելով բժշկական թանկարժեք սարքավորում: Բուժհաստատության բժիշկները հաստատել են այս տեղեկատվությունը, իսկ առավոտյան ոստիկանություն հայց են ներկայացրել  թանկարժեք սարքավորման անհետացման վերաբերյալ:
Ոստիկանությունում հաղորդել են, որ համաձայն հիվանդանոցի ներկայացուցիչների` ժամը 19.30-ին բուժման մեջ գտնվող Սերգեյ Մավրոդին, որի վրա տեղակայված էր թակարժեք սարքավորումը, հիվանդասենյակից ինքնակամ, առանց ոչ ոքի զգուշացնելու դուրս է եկել եւ մինչ այս պահը չի վերադարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սարքը, որն իր հետ տարել է Մավրոդին, այսպես կոչված, Հոլթերի սարքն է, որը կիրառվում է հիվանդների սիրտ-անոթային համակարգի աշխատանքին հետեւելու համար: Դրա արժեքը մոտ 70 հազար ռուբլի է:

Մավրոդիի փաստաբան Ալեքսանդր Մոլոխովը հաղորդել է, որ իր պաշտպանյալը հիվանդանոցը լքել է բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Որոշ տվյալներով` Մավրոդին հիվանդանոցից հեռացել է ժամը  17-ի սահմաններում, եւ այդ պահից նրա գտնվելու վայրն անհայտ է: Ականատեսները հաղորդել են, որ նրան տեսել են դեղին գույնի շտապ օգնության մեքենա նստելիս, նա եղել է մարզահագուստով եւ հողաթափերով, հաղորդում է pravda.ru-ն:

Մավրոդին հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 19-ին սրտի կաթվածի կասկածանքով: Նախորդ շաբաթվա կեսից նա կալանավորվել էր հազար ռուբլի տուգանքը չվճարելու համար: Մարտի 16-ին դատարանն օրինական էր ճանաչել նրա ձերբակալությունը, ի պատասխան Մավրոդին հացադուլ էր հայտարարել:

Մարտի 22-ին կկայանան Մավրոդիի տասնյակ վարչական գործերից մեկի` հազար ռուբլու տուգանքը չվճարելու դատական լսումները: Եթե Մավրոդին հինգշաբթի օրը առանց հարգելի պատճառի չներկայանա, ապա հետագայում կարող են ներգրավվել դատական կատարածուները, որոնք նրան հարկադրաբար կբերեն դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ