News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ոտիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանն իր պաշտպանյալի նկատմամբ դատարանի վճիռը «հաշվեհարդարային» է համարում:

«Դատավճիռն ուղեղիս մեջ չի կարողանում տեղավորվել, որովհետեւ նման անհիմն, անօրինական, մի տեսակ հաշվեհարդարային դատավճիռ ես չէի պատկերացնում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Թամանյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը: Վերջինս խոսեց նաեւ դատավճռի բողոքարկման եւ իր պաշտպանյալի տրամադրության մասին, ինչը ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Գեւորգյան, պատրաստվո՞ւմ եք բողոքարկել Հովհաննես Թամամյանի դատավճիռը:

Դատավճռի բողոքարկման հետ կապված մեր առաջիկա քայլերը պարզ կդառնան, երբ դատավճիռը մեզ տան: Հրապարակեցին միայն եզրափակիչ մասը, իսկ թե ինչ հիմնավորումներ են նշել դատավճռում, դրա մասին տեղեկություններ դեռ չունեմ: Ավելին` ուղեղիս մեջ էլ չի կարողանում տեղավորվել, որովհետեւ նման անհիմն, անօրինական, մի տեսակ հաշվեհարդարային դատավճիռ ես չէի պատկերացնում: Հատկապես այն առումով, որ դատախազն ինչ ուզեց, դատավորն ընդունեց ու վճիռ կայացրեց: Մոտավորապես մի շաբաթ հետո պարզ կդառնա կբողոքարկենք, թե ոչ: 5-օրյա ժամկետում են դատավճիռները տալիս, բայց հնարավոր է մի երկու օր էլ ուշացնեն եւ հենց դատավճիռը ստացա, ես կմտնեմ Հովհաննես Թամամյանի մոտ, կճշտեմ իր դիրքորոշումը եւ կհայտնեմ:

Հաշվի առնելով, որ Հովհաննես Թամամյանն իր մեղքն ընդունել է, Ձեր դժգոհությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեղմացուցիչ հանգամանքները հաշվի չե՞ն առնվել:

Ես նկատի ունեմ պատժի` տեսակի եւ չափի առումով: Ես անարդար եմ համարում, որ պատժի տեսակ է ընտրվել ազատազրկումը եւ այնինչ պարտավոր էին պայմանական կիրառել: Դատախազը նույն հոդվածով մյուս 2 ամբաստանյալների համար 2.5 տարի է պահանջում, իսկ Հովհաննես Թամանյանի համար` 3 տարի, թե ինչի համար չգիտեմ:

Ձեր կարծիքով, ո՞րը կլիներ արդարացի դատավճիռ:

Կարծում եմ, որ արագացված դատաքննության պարագայում, արդարացի կլիներ, եթե պայմանական վճիռ կայացվեր եւ այն էլ, ոչ թե 2 տարի փորձաշրջանով, այլ` 1: Այսինքն` նվազագույնը: Այս պայմաններում պետք է նվազագույն պատժատեսակ ու պատժի չափ լիներ, բայց 4 տարով ազատազրկեցին: Սա դատավճիռ չէր, էլի:

Հովհաննես Թամամյանը եւս անակնկալի՞ էր եկել դատավճռից, թե՞ նրա համար սպասելի էր պատժի այդ չափը: Ինչպիսի՞ն է հիմա նրա տրամադրությունը:

Միանշանակ նա եւս անակնկալի էր եկել: Բողոքարկման առումով բան չասաց, իսկ դատավճռից նա շատ դժգոհ է, բավականին դժգոհ եւ այդ դժգոհությունն արդարացի է: Ինչ վերաբերում է տրամադրությանը, ապա այդ մասին նրան հարցնելու կարիքն էլ չկա, քանի որ բնականաբար անտրամադիր պետք է լինի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման է դատապարտել ոտիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դատավճիռը: Ըստ դատավորի, Թամամյան նաեւ իրավունք չունի երկու տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնել: Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյանը դատապարտվեցին 2,6 տարի պայմանական ազատազրկման: Նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Նշենք, որ մարտի 20-ին կայացած նիստում մեղադրող Հարություն Հարությունյանը 4 տարվա ազատազրկում էր պահանջել Հովհաննես Թամամյանի համար: Իսկ Արմեն Պողոսյանին ու Վահան Խանզադյանին առաջարկել էր դատապարտել 2,5 տարվա պայմանական ազատազրկման: Ավելի վաղ Խանզադյանը, Պողոսյանն ու Հովհաննես Թամամյանը իրենց մեղավոր էին ճանաչել կատարած հանցանքում:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանն անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ