News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է Կրթության եւ գիտության նախարարության 2011 թվականի գործունեությունը:

Գնահատականում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Նախարարությունը ժամանակին բավարար քայլեր չի ձեռնարկել հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը հստակ սահմանելու ուղղությամբ:

• Հրատարակվող դասագրքերն անհրաժեշտ փորձաքննության չենթարկելու պատճառով, դրանցում, որոշ դեպքերում, առկա են եղել խմբագրական, ուղղագրական եւ տպագրական սխալներ, որի հետեւանքով խախտվել են աշակերտների պատշաճ կրթություն ստանալու իրավունքը:

• Թեեւ յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսվում են ֆինանսական միջոցներ ուսումնական հաստատությունները ջեռուցման համակարգով ապահովելու համար, այդուհանդերձ բազմաթիվ դպրոցներում չլուծված է մնացել ձմռան ամիսներին դասասենյակներն անհրաժեշտ ջերմաստիճանով ապահովելու խնդիրը, որի պատճառով իրենց առողջության մասին մտածող եւ դպրոց չհաճախող երեխաները հայտարարվել են անհարգելի պատճառով չներկայացած: Հատկապես այն դպրոցները (հիմնականում գյուղերում), որտեղ աշակերտների թիվը քիչ է (դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվաքանակից ելնելով), չեն ապահովվել անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով եւ նյութերով: Գյուղերում գտնվող դպրոցները չեն ապահովվել սննդի մատուցման ծառայություններով:

• Թեեւ ուսումնական հաստատություններում կոռուպցիան բացառելու նպատակով նախարարության կողմից մշտապես իրականացվել են նպատակաուղղված միջոցառումներ, այնուամենայնիվ, դրանք բավարար չեն եղել կրթության ոլորտում կոռուպցիոն, ինչպես նաեւ դպրոցներում դրամահավաքության դեպքերը կանխելու եւ բացառելու համար:

• ԿԳՆ-ն նույն 7 հասարակական կազմակերպություններին է տրամադրել մոտ 365 միլիոն դրամ: Ընդհանուր գումարի մոտ 38%-ը տրամադրվել է միայն մեկ կազմակերպության՝ «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին, որի գործունեության ոլորտը հիմնականում վերաբերում է մշակութային խնդիրներին: Ըստ նախարարության` այդ կազմակերպությունները իրականացրել են հայտով նախատեսված կրթադաստիարակչական աշխատանքներ:

• Նախարարության կողմից թերի վերահսկողություն իրականացնելու հետեւանքով որոշ դեպքերում դպրոցների հաստիքացուցակներում ընդգրկվել են տնօրենների ազգականներ կամ ծանոթներ, որոնք ոչ միայն չեն դասավանդել, այլ նաեւ չեն հաճախել դպրոցներ, որի հետեւանքով պետական բյուջեից ծախսվել են ավելորդ գումարներ: Չնայած այս ամենի, 2011թ. ՀՀ կրթության պետական տեսչություն հասցեագրված դիմումներով  ստացված ահազանգերում դիմումատուները ընդամենը նշել են դրամահավաքության 12 դեպք, դրամաշորթության կամ կոռուպցիայի 11 դեպք, որոնց ուսումնասիրության ընթացքում հիմնականում որեւէ հաստատող արդյունք չի արձանագրվել:

• Ըստ մեր աղբյուրների ԲՈՒՀ-երում կասեցվել է հայցորդության ձեւակերպումը, թեեւ որեւէ իրավական ակտով այն չի դադարեցվել եւ ըստ նախարարության` այն գործում է եւ կարգավորված է համապատասխան իրավական ակտերով:

• Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ ուսումնառության ավարտը տարկետում տալու վերաբերյալ կառավարության որոշումների նախագծերը որպես պաշտպանության հարցերին վերաբերող իրավական ակտերի նախագծեր ըստ ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրի Նախարարությունը նախքան կառավարություն ներկայացնելը  պետք է ներկայացներ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ եւ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ` կարծիքի: Նշված ՀՀ կառավարության որոշումների նախագծերը չեն համաձայնեցվել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ, իսկ առանձին դեպքերում չեն ներկայացվել ՀՀ Նախագահի աշխատակազմ:

• Համընդհանուր ներառական կրթություն ապահովելու դանդաղ ընթացքի հետեւանքով շարունակվել են խախտված մնալ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների՝ հավասար պայմաններում կրթություն ստանալու իրավունքը:

• Հատկապես մարզերում Նախարարությունը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել իր թեժ գծի առկայության մասին իրազեկման աշխատանքների կապակցությամբ (նախարարության «Թեժ գծով» ընդունվել է 138 ահազանգ, որից 114-ը` Երեւանի, 24-ը` մարզերի դպրոցների վերաբերյալ, քաղաքացիներից ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների ընդհանուր քանակը եղել է 4632):

Արձանագրված դրական զարգացումները

• Ներառական դպրոցների ցանկն ավելացել է 15-ով` հանրապետությունում  կազմելով 81:

• Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության բարելավման նպատակով ՀՀ կառավարության որոշման համաձայն Տավուշի մարզում սկսվել է համընդհանուր ներառական կրթության կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումը:

• Նախարարությունը իրականացրել է որոշ ծրագրեր` ուղղված որակյալ կրթության բարելավմանը. ուսուցիչների եւ տնօրենների վերապատրաստում, շենքերի վերանորոգում, գույքի թարմացում եւ այլն:

• 2011-2012 ուսումնական տարվանից հանրապետության դպրոցներում 2-րդ դասարանից  սկսած ուսումնական պլանով  ներդրվել է «Շախմատ» առարկան:

• Մշակվել եւ հաստատվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացը 10-11-րդ դասարանների համար:

• Հանրակրթական դպրոցների ավագ դասարանների «Հասարակագիտություն» առարկայում ներառվել է «Թրաֆիքինգ» թեման՚։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ