News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Գեւորգ աբեղա Սարոյանի (ներկայիս` Գեւորգ եպիսկոպոս) «Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը 1892-1910 եւ լիբերալ-բողոքական դպրոցի հետ ունեցած առնչությունները» եւ Վալերի Գ. Թունյանի «Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցի - «Պաշտպան Հայրենյաց» գրքերը:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գեւորգ աբեղա Սարոյանն իր աշխատանքում փորձել է վեր հանել եւ համակողմանի վերլուծության ենթարկել 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի առաջին տասնամյակների Հայ Եկեղեցում ծավալված աստվածաբանական զարգացումները, այդ թվում բարենորոգչական շարժման խնդիրները: Աստվածաբանության եւ հայագիտության շրջանակներում առաջին անգամ խորքային վերլուծության ենթարկելով Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանի հոգեւոր գործունեությունը, աստվածաբանական եւ եկեղեցագիտական ըմբռնումները` հեղինակը հանգում է այն եզրակացության, որ Երվանդ վարդապետն իր եկեղեցագիտական գործունեությամբ մեծապես նպաստել է Հայոց Եկեղեցու մտավոր կյանքի զարգացմանը, նրա գիտական հեղինակության բարձրացմանը եվրոպացի հայագետների եւ աստվածաբանների շրջանակներում:

Վալերի Թունյանը ռուսալեզու իր մենագրության մեջ ներկայացնում է 19-րդ դարի Հայ Եկեղեցու նշանավոր հայրապետ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի գործունեությունը Ռուսական կայսրության 19-րդ դարի առաջին կեսի քաղաքականության հետ փոխադարձ կապի մեջ: Օգտագործելով ռուսական եւ հայկական բազմաթիվ արխիվային փաստաթղթեր` հեղինակը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Կովկասի քաղաքական պատկերի վրա նկարագրում է Հայ Եկեղեցու գործունեությունը եւ կարգավիճակը:

Երկու աշխատությունները հրատարակվել են Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:

Տպել
Ամենաշատ