News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Հայաստանի ոստիկանության 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Որոշ դեպքերում  հետաքննության եւ նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաեւ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

• Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից, չունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան կարգավիճակ:

• Հաճախակի են եղել դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո 3 ժամից ավել (առանց կարգավիճակ տալու) պահել են բաժնում՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1 հոդվածի պահանջները:

• Բազմաթիվ են դեպքերը, երբ հանցագործության մասին հաղորդումներին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել եւ այդպիսիք, այսպես կոչված, «կցվել են շարք»:

• Որոշ դեպքերում ոստիկանության աշխատակիցների կողմից անձից, առանց օրինական հիմքի,  վերցվել է անձնագիրը եւ պահվել իբրեւ երաշխիք:

• Շատ դեպքերում հանցագործության հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր չի տրամադրվել կամ տրամադրվել է անհարկի ձգձգումներով, երբեմն էլ՝ ժամանակավրեպ:

• Բազմաթիվ են դեպքերը, երբ խախտվել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով («Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը») սահմանված ժամկետները:

• Նյութերի նախապատրաստման ընթացքում տրված բացատրություններում առկա հակասությունների պարագայում երբեմն չեն հարուցվել քրեական գործեր, ինչը հնարավորություն կընձեռեր նախաքննություն իրականացնող մարմնին գործի օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացնել առերես հարցաքննություններ:

• Որոշ դեպքերում խախտվել են ձերբակալվածների պահման վայրերում  կալանավորված անձանց պահելու ժամկետները:

• Հետաքննության եւ նախաքննության ընթացքում երբեմն անձինք հրավիրվել են  հարցաքննության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի պահանջների խախտումով:

• Առանձին դեպքերում ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձինք զրկվել են  պաշտպան ունենալու իրավունքից:

• Եղել են բողոքներ, որ հետախուզվող անձին հայտնաբերելու պատրվակով, ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել անձի բնակարան եւ առանց դատարանի համապատասխան որոշման իրականացրել խուզարկություն:

• Հաճախ անձնագրերի եւ վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժիններում անհիմն մերժվել են ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը՝ հաշվառված չլինելու պատճառաբանությամբ:

Ոլորտի դրական զարգացումները

• 2011 թվականի վերջին երկու ամիսներին փոխվել է ոստիկանության արձագանքը իր աշխատակիցների կողմից կատարվող բռնությունների եւ խախտումների ահազանգերին եւ նման բողոքի կապակցությամբ Պաշտպանի 2011 թվականի վերջին միջնորդությանը տրվել է դրական ընթացք: Այսպես՝  քաղաքացի Ա. Ա.-ն հայտնել էր, որ քննիչ Ս. Սեդրակյանը իրեն անպարկեշտ ձեւով նսեմացրել, վիրավորել, ինչպես նաեւ թույլ է տվել մի շարք քրեադատավարական նորմերի խախտումներ: Կատարված ծառայողական քննությամբ, քննիչ Ս. Սեդրակյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Բարելավվել են ճանապարհային երթեւեկության կանոների խախտումները հայտնաբերելու գործընթացը՝ այդ նպատակով տեղադրելով տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքեր:

• ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են Երեւան քաղաքի վարչության կազմում օպերատիվ արձագանքման կենտրոնի եւ Երեւան քաղաքի մարդաշատ վայրերում տեսադիտարկման համակարգերի ներդրման հայեցակարգերը, ինպես նաեւ դրանց տեխնիկական առաջադրանքները եւ ֆինանսական հաշվարկները:

• Հաստատվել է  «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է` բարելավել ոստիկանության ծառայողների իրավական պաշտպանվածության աստիճանը, ստեղծել ոստիկանության ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնող մշտապես գործող հանձնաժողով:

• ՀՀ ոստիկանության պետի կողմից  2011 թվականի նոյեմբերին ստորագրվել է «Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարածքային բաժիններում ներդրվող համայնքային ոստիկանության ստորաբաժանումներում նշանակման ենթակա ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման մասին» թիվ 3327-Ա հրամանը, որի նպատակն է` խթանել  թաղային (համայնքային) ոստիկանության մոդելի ներդրմանը:

Տպել