2011-ի ձեռքբերումները պետք է ոգեւորիչ լինեն եւ այս տարի աշխատենք կրկնապատկել ցուցանիշները: Այս մասին այսօր` մարտի 28-ին Արագածոտնի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, գյուղատնտեսության նախա-րարության պատասխանատու պաշտոնյաներ եւ մարզի համայնքների ղեկավարները, հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Որպես այս տարվա կարեւորագույն խնդիր, նախարարը մատնանշել է գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերը, այնուհետեւ` գյուղական համայնքներին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մեխանիզմների կատարելագործումը, ինչպես նաեւ Եվրոմիության պահանջներին համապատասխան սննդամթերքի անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացումը եւ ընթացակարգերի սահմանումը համարվեց:
«Շատ դեպքերում թյուր կարծիք է տարածվում, թե կոոպերացիաների ստեղծմամբ մենք հետ ենք գնում դեպի նախկին կոլխոզներ: Մարդիկ պետք է հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում: Կոոպերացիաների մեջ ընդգրկվելով, մարդիկ միավորվում են գաղափարի շուրջ եւ իրենց որոշումների մեջ ազատ են, կարող են ցանկացած պահի դուրս գալ կոոպերացիայից: Պարզապես պետք է գիտակցեն, որ միասին ավելի հեշտ են լուծվում խնդիրները, ինչպես տեխնիկայի, պարարտանյութի, վառելիքի ու այլ պարագաների ձեռքբերման, այնպես էլ արտադրանքի իրացման հարցերում»,- նշեց նախարարը:
Նախարարը անդրադարձել է նաեւ ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելիքի մատակարարմանը, նշելով, որ եղանակային վատ պայմանների պատ-ճառով ներկրումը մի փոքր ուշացել է, սակայն մինչեւ ապրիլի կեսը կավարտվի դրանց բաշխումը համայնքներին: Նա հիշեցրեց, որ պարարտանյութի մեկ պարկը համայնքներին կհասցվի 6000, իսկ դիզ.վառելիքի մեկ լիտր` 350 դրամով, հավելելով, որ շուկայական եւ առաջարկվող գների տարբերությունը կսուբսի-դավորվի պետության կողմից: Լսելով համայնքների ղեկավարների մտահոգությունը գյուղացիներից մթերվող կաթի գնի նվազման միտումի վերաբերյալ, նախարարն ասաց, որ խնդիրն իր մշտական ուշադրության ներքո է. «Անցյալ տարի մենք կարողացանք զգալիորեն բարձրացնել կաթի մթերման գինը` 80-100 դրամից հասցնելով 150-ի: Հիմա եւս պետք է թույլ չտանք այս հարցում կամայական մոտեցում ցուցաբերվի եւ գյուղացուց ավելի շատ օգուտ ստանա միջնորդը»,- նշեց նա: