News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում Խաչատուր Սուքիասյանի փոխարեն իր թեկնածությունը առաջադրած Սարիբեկ Սուքիասյանը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է այն շարժառիթները, որոնք իրեն ստիպել են առաջադրվել Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու:

«Առաջին. Եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ քաղաքական հետապնդում: Այդ քայլը մեծ դժգոհություն է առաջացրել ընտրողների, հասարակության լայն շրջանակներում եւ, իհարկե, մեզ մոտ: Դա ես հերթական հաշվեհարդար եմ համարում Խաչատուրի հանդեպ նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով եւ գտնում եմ, որ պետք է պայքարեմ այդ անարդարության դեմ` շարունակելով նրա պատգամավորական գործունեությունը: Երկրորդ. Խաչատուրի համար ամենեւին էլ ինքնանպատակ չէր խորհրդարանում լինելը, նա տնտեսությանը վերաբերող բազմաթիվ օրինագծեր,  նախաձեռնություններ, ծրագրեր ունի եւ ցանկանում է, որպեսզի այդ ծրագրերն իրականանան: Եվ եղբայրս հորդորեց ինձ ընդունել այս որոշումը: Երրորդ. բոլորը շատ լավ գիտեն, որ այս ընտրատարածքում միշտ եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն մի քանի թեկնածուների միջեւ: Եվ մենք ցանկանում ենք, որ այդ արդեն ձեւավորված ավանդույթը այսուհետ եւս շարունակվի: Չորրորդ. իմ առաջադրումը նաեւ ինչ-որ չափով արձագանք է հասարակության պահանջին»,- հայտնել է Սարիբեկ Սուքիասյանը: Նա  համոզված է, որ ընտրողների քվեն ստանալու դեպքում կարող է արդյունավետ աշխատել Ազգային ժողովում, քանի որ ունի աշխատելու, ղեկավարելու մեծ փորձ, լավ պատկերացնում է տնտեսությունը, գիտի տնտեսությանը խոչընդոտող գործոնները, որոնք կարելի է մեղմացնել կամ վերացնել` կատարելագործելով եւ բարելավելով օրենսդրությունը: «Իմ շուրջը համախմբված տնտեսագետների ու իրավաբանների արհեստավարժ թիմը կօգնի ինձ իրականացնելու իմ պատգամավորական գործառույթները»,- նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Խաչատուր Սուքիասյանը դիմել է թիվ 10 ԸԸՀ եւ խնդրել իր առաջադրման հարցով որոշումը հնարավորինս շուտ կայացնել:

Դիմումում, մասնավորապես, ասվում է. «2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել եւ սահմանված կարգով գրանցել ինձ, որպես պատգամավորի թեկնածու: Առ այսօր, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից որոշում չի կայացվել:

Կանխատեսելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման ելքը, ինչն ակնհայտ է դառնում իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից միակողմանիորեն տարածած տեղեկություններից,

հաշվի առնելով այն, որ իմ համոզմամբ բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, նաեւ ժամկետի իմաստով (իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում), խնդրում եմ իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ»:

Երեւանի թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը  մարտի 28-ին, միաձայն մերժել է ՀԱԿ անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանի դիմումը` իրեն  որպես պատգամավորության թեկնածու գրանցելու պահանջով:  Թիվ 10 ԸԸՀ-ում գրանցել են երեք թեկնածուների` ՀՀԿ ներկայացնող Գարեգին Նուշիկյանին, անկուսակցական Գագիկ Շահնազարյանին եւ Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Սարիբեկ Սուքիասյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ