News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանյան ընդդիմության շարքերում սկանդալ է հասունանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հայ ազգային կոնգրեսին մեղադրել է իշխանությունների հետ գաղտնի պայմանավորվածությունների մեջ:

Պատճառը «Առավոտ» օրաթերթում հրապարակված տեղեկությունն էր, որ Էրեբունիի նախկին թաղապետ, հանրապետական, թիվ 13-ում պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր») օրերս հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու` թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ: Մհեր Սեդրակյանը թերթի հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով հանդիպման փաստը` Ստեփան Սաֆարյանը նշեց. «Փաստացի գնահատում եմ որպես ոչ միայն տեղեկություն, այլեւ հաստատված փաստ, որը հաստատել է նաեւ Մհեր Սեդրակյանը, եւ վկայել է իր եւ ՀԱԿ-ի թեկնածուի միջեւ պայմանավորվածությունների մասին: Պայմանավորվածությունը հետեւյալում է` թիվ 13 ընտրատարածքում չեն խոչընդոտում եւ ձայներ չեն գողանում թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով Մհեր Սեդրակյանի «40 հազար» ձայնից, եւ դրա դիմաց դիմաց առաջադրվում են թիվ 12-ում եւ ցանկալի է համարվում նրանց հաղթանակը»:

Սաֆարյանը նշեց, որ համոզված է պայմանավորվածությունների գոյության մեջ: «Հիմք եմ ընդունում Մհեր Սեդրակյանի բավական ուշագրավ բացահայտումը»,- նշեց պատգամավորը:

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Սաֆարյանի` Հայ ազգային կոնգրեսին ուղղված մեղադրանքները բավական երկար պատմություն ունեն, ինչը համարում է հերյուրանքների մակարդակին հասնող մեղադրանքներ:  «Շատ ցավում եմ դրա համար` հաշվի առնելով, որ մենք երբեք քննադատություն թիրախ  չենք դարձրել որեւէ այլ քաղաքական ուժի, բացի ՀՀԿ-ից: Ես ափսոսանք եմ հայտնում նրա նման հայտարարությունների եւ առհասարակ նման կեցվածքի համար»,- ավելացրեց Վլադիմիր Կարապետյանը:

Նշենք, որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել են «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ական Կառլեն Գեւորգյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանը, «Չորրորդ ինքնիշխանություն»  թերթի լրագրող Գոհար Վեզիրյանն ու Տիգրան Տեր-Պետրոսյանը, իսկ թիվ 13 ընտրատարածքում ՀՀԿ-ականներ Սարգիս Հակոբյանն ու Մհեր Սեդրակյանը, ՀԱԿ անդամ Մանուշակ (Վիոլետա) Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ