News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի օդանավակայանն արդեն ամբողջությամբ պատրաստ է շահագործման, ներկայումս աշխատանքներ են իրականացվում օդանավերի  ձեռքբերման եւ համապատասխան անձնակազմի պատրաստման ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Նրա խոսքով, հենց այս փուլն ավարտվի, թռիչքները կմեկնարկեն:

Առաջին թռիչքները կիրականացվեն արգենտինահայ բարերար  Էդուարդո Էռնեկյանի նվիրաբերած օդանավով: «Առաջին թռիչքը մենք նախատեսում ենք իրականացնել ընթացիկ տարվա հունիս-հուլիսին: Օդանավը թեեւ նոր չէ, սակայն սկզբի համար մեզ լիովին բավարարում է»,- նշել է զրուցակիցը:

Ինչ վերաբերում է պարկի հետագա համալրմանը, ապա,  Դ. Ադբաշյանը նշեց, որ դա կապված է ֆինանսավորման հետ: Նա նաեւ ընդգծեց, որ ղարաբաղյան կողմն արդեն տարբեր մոդելների օդանավեր է դիտարկում: «Օրինակ, մեզ հետաքրքրում են Embraer օդանավերը: Իհարկե, մեր հետագա ձեռքբերումները բոլորովին նոր կլինեն»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին,  թե ինչպիսին է ԼՂՀ դիրքորոշումը ոչ վաղ անցյալում Բաքվի` ղարաբաղյան օդանավերը խփելու մասին հայտարարությանը, Ադբաշյանը քմծիծաղ տվեց. «Վերջին շրջանում նման հռետորաբանությունը կարծես լռել է,  նմանատիպ հարց ինձ ուղղել էր BBC-ի լրագրողը, եւ ահա թե ինչ պատասխանեցի.  սպառնալիքներով հանդես եկած Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության տնօրենի անունը հայերեն թարգամանությամբ նշանակում է «հիմար»: Եվ իզուր չէ այդպես: Քանի որ եթե նման բան ասեր, օրինակ, ՀՕՊ հրամանատարը, պաշտպանության նախարարը,  ուժային կառույցի ներկայացուցիչը,  հնարավոր է ոմանք ինչ-որ չափով լուրջ վերաբերվեին դրան: Սակայն այդ Արիֆն ընդամենը քաղավիացիայի ղեկավարն է», -հիշեցրեց Ադբաշյանը:

Բացի այդ, Ադրբեջանը եւս Քաղավիացիայի միջազգային կազմակերպության` ICAO-ի անդամ է, եւ հետեւաբար ստորագրել է կոնվենցիա, որով պարտավորվում է  ոչ մի դեպքում սպառնալիք չստեղծել քաղաքացիական ավիացիայի օդանավերի համար: Նրանք կարող են օդանավին ստիպել վայրէջք կատարել, սակայն իրավունք չունեն խփել քաղաքացիական օդանավերը:

Ադբաշյանը նաեւ կարծիք հայտնեց, որ քաղաքակիրթ աշխարհում միջազգային օերնսդրությունը գերակա է ազգայինի նկատմամբ. «Եթե Ադրբեջանում այլ կերպ են մտածում` դա նրանց խնդիրն է: Իր հայտարարություններով Մամեդովը հերթական անգամ ցույց է տալիս, թե մենք ում հետ գործ ունենք: Եթե պաշտոնական Բաքուն չի ընդունում իր իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիան, ապա այդ երկրին պետք է հեռացնել ICAO-ից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ