News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընդամենը մի քանի օր անց` ապրիլի 6-7-ին, ԱԺ պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը կասի, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում է օգնելու, ում կողքին է լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` թիվ 4 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Զոհրաբ Զոհրաբյանը, հավելելով. «Իմ թեկնածու չառաջադրմամբ քաղաքականությունից չեմ հեռանալու, չեմ էլ հեռացել երբեւէ»:

Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Զոհրաբ Զոհրաբյանի հետ, որտեղ նա ներկայացնում է նաեւ իր չառաջադրվելու պատճառները:

Պարոն Զոհրաբյան նախորդ ընտրություններում Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքի հաղթող թեկնածուն էիք, ինչո՞ւ այս անգամ չառաջադրվեցիք:

Անկեղծորեն կարող եմ ասել, որ երբ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ բիզնեսմենները պետք է հեռու լինեն քաղաքականությունից, ես կիսեցի նրա կարծիքը: Հատկապես, որ մեր օրենսդիր մարմինն ինչ-որ չափով թերի է աշխատում, կամ ամբողջովին չի աշխատում: Դե գիտեք, որ մարդիկ կան, որ այնտեղ լինելու իրավունք չունեն: Ես հասկացա, որ դա իմ տեղը չի: Ես ավելի շատ օգտակար կլինեմ մեր ժողովրդին եւ պետությանը բիզնես գործունեություն ծավալելով, քան` օրենսդիր մարմնում լինելով:

Ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը:

Ես դեռ մինչեւ 2007թ-ի ընտրություններն եմ ասել, որ շատ վաղուցվանից զբաղվել եմ բիզնեսով Ռուսաստանում: Չեմ ցանկանում գլուխ գովալ, բայց իրականում այն մարդկանցից եմ, որ այս ընթացքում անջատեցի բիզնեսն իմ ներսում եւ մտա օրենսդիր դաշտ: Արդյունքում իմ հնարավորությունների սահմաններում ինչ կարողացա արեցի: Բավականին շատ բան կարող էի անել, որը չեմ արել եւ, որի համար ներողություն եմ խնդրում իմ ընտրողներից: Ինչ վերաբերում է բիզնեսին, ցանկանում եմ իմ արտերկրի բիզնեսը տեղափոխել Հայաստան: Մեծ, հսկայական ինվեստիցիոն ծրագրեր ունեմ , որը լինելու է Երեւան քաղաքում ավելի կոնկրետ Արաբկիրի տարածքում: Դա մեծ գումարների հետ է կապված եւ ապրիլի 7-ից հետո ես կփորձեմ արագ եւ աշխուժ զբաղվել բիզնեսով: Խոսքը տարբեր բիզնեսների մասին է` արտադրությունից մինչեւ տպագիր մամուլ եւ կայք:

Շատ գործարարներ լքում են Հայաստանը, քանի որ չկան նպաստավոր պայմաններ բիզնեսի համար, իսկ Դուք մտադիր եք վերադառնա՞լ:

Ես կարծում եմ, որ այս ընտրություններից հետո մարդիկ կփորձեն շտկել վիճակը եւ պայմաններ ստեղծել, ինչպիսիք կան հարեւան Վրաստանում: Մեկ-մեկ նախանձում ենք, տեսնելով, թե Վրաստանում ինչ են անում: Ես կարծում եմ, որ մեր նախագահն այս նոր թիմով ամեն ինչ անում է ու կանի այս ուղղությամբ:

Ի՞նչ էր Ձեզ խանգարում, որ օրենսդիր դաշտում չկարողացաք անել այն, ինչ ցանկանում էիք:

Բացարձակապես ոչինչ չի խանգարել: Պարզապես, եթե դու ինչ-որ թիմի մեջ ես, չես կարող ուրիշ դաշտում խաղալ: Դու պետք է այդ թիմի խաղի կանոններով առաջնորդվես:

Այսինքն խնդիրն այս դեպքում անկախ չլինելու մե՞ջ է:

Չէ, էլի անկախ ես, բայց սպորտային տերմինալոգիայով ասած, եթե ես խաղում եմ Հայաստանի հավաքականում, ես չեմ կարող Մոլդովայի հավաքականի քաղաքականություն վարել կամ ասենք իրենց կողմից խաղալ, եթե նույնիսկ նրանք ավելի ուժեղ են խաղում: Երկրորդ պատճառն էլ այն է, որ իրականում հեռու եմ օրենսդրական գործունեությունից:

Բոլոր դեպքերում թիվ 4 ընտրատարածքում Դուք որոշակի ազդեցություն ունեց: Ձեր թիմը ո՞ր թեկնածուին է աջակցելու:

Ես խոսք եմ տալիս, որ մի քանի օր հետո կասեմ, թե ում եմ օգնելու, ում կողքին եմ լինելու միանշանակ: Ավելին` իմ չառաջադրմամբ քաղաքականությունից չեմ հեռանալու, չեմ էլ հեռացել երբեւէ: Ես հիմա էլ եմ լինելու ժողովրդի կողքին ու իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու եմ, որ մեր ժողովրդի սոցիալական վիճակն ինչ-որ չափով լավանա:

Ներկա պահին, որքա՞ն ընտրազանգված ունեք:

Եթե ասեմ մի քիչ գլուխ գովելու հարց կլինի: Ունեմ բավականին մեծ ընտրազանգված եւ կսատարեմ այն մարդկանց եւ ուժերին ում, որ կգտնեմ նպատակահարամար:

Իսկ հնարավո՞ր է, որ անդամագրվեք, որեւէ կուսակցության:

Այս պահին չեմ կարող ասել, բայց կփորձեմ մի քանի օր հետո այդ ինֆորմացիան ձեզ տալ:

Հնարավո՞ր է` ԲՀԿ-ին անդամագրվեք:

Ոչինչ չի բացառվում:

Թեեւ անկուսակցական եք, բայց ՀՀԿ խմբակցության անդամ եք: Նրանց կողմից հարցեր չառաջացա՞ն, թե ինչու չեք առաջադրվել կամ Ձեր օգնությունը խնդրե՞լ են որեւէ թեկնածունին աջակցելու համար:

Իհարկե, առաջարկություններ եղել են, բոլորի հետ էլ ամեն ինչը խոսել ենք: Բայց քանի որ ես անկուսակցական եմ` ինքս եմ որոշում իմ վաղվա օրը: Ինձ ոչ ոք իրավունք չունի ասելու, թե ինչ պետք է անեմ ու ոնց պետք է անեմ:

Կարելի՞ է ասել, որ հիասթափվել եք խորհրդարանից:

Իհարկե, հիասթափության տարրեր կան, բայց այս պահին չեմ կարող ավելին ասել, որովհետեւ ամեն դեպքում աշխատել եմ այդ խորհրդարանում, բոլորի հետ անկախ իրենց քաղաքական հայացքներից եղել եմ շատ լավ, ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ: Գիտեք ԱԺ-ում ինքնագովազդվելու սիրահարներ կան, որ ԱԺ-ի ամբիոնից դուրս են գալիս խոսում, բայց ամբողջովին դատարկություն է: Իսկ ես իմ արածն ապացուցել եմ գործով: Օրինակ, վերցրել եմ ինչ-որ մեկի ձեռքից ով խնդիր ունի, գնացել մտել եմ կոնկրետ նախարարի, ոլորտի պատասխանատուի մոտ եւ խնդրել, որ օրինական ճանապարհով լուծեն քաղաքացու խնդիրը: Եթե, օրինակ, Շվեյցարիայի նման զարգացած երկրում ապրեինք, երեւի այդքան չմտածեի, բայց գիշեր-ցերեկ չեմ կարողանում քնել, որովհետեւ հասկանում եմ, որ մեր երկրում կան սոված մարդիկ, սոված երեխաներ, ինչի արդյունքում հայ տղամարդն իր երեխային չի կարողանում տալ հաց, կրթություն ջերմություն եւ այն ամենն ինչը 21-րդ դարում վայել է նորմալ մարդուն:

Լավ, իսկ ի՞նչ է տալիս ԱԺ պատգամավորի մանդատը, որ այդքան կռիվ են տալիս դրա համար:

Բացարձակապես ոչինչ չի տալիս: Օրինակ, ես իմ օրինակով ասեմ, եզակի դեպքեր են եղել, երբ հասարակության մեջ տեսնելով անարդարություն, մոտեցել եմ ասել, որ ես այս մարդն եմ եւ հիմա կարող եմ ականջդ քաշել, ուղղակի չեմ քաշում, գնա արա այն ինչը թույլատրվում է օրենքով: Ավելի շատ արտոնյալ եմ եղել մինչեւ պատգամավոր լինելս, քան լինելու ընթացքում: 5 տարի ես ապրել եմ մտածելով, որ հանկարծ մի բան այնպես չանեմ, որ ոչ մի չար լեզու ավել-պակաս չխոսի: Այնպիսի քայլ չանեմ, որը կանդրադառնա իմ ու իմ հետեւի կանգնած մարդկանց վարկանիշի վրա: Նախկինում, եթե իմ, իմ ընտանիքի հարազատների առջեւ էի պատասխանատվություն կրում, հիմա պատասխանատվություն եմ կրում իմ ընտրողների, ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ այն մարդկանց, ում հետ աշխատել եմ: Վերջիվերջո ես իշխանություն եմ ներկայացրել:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ